Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության Աղքատների հետ միաբանության գրասենյակի զեկույցը բացահայտել է, որ Թուրքիայի 51․6 միլիոն բնակիչ ապրում են քաղցի շեմից ներքև, հայտնում է ANKA-ն։
Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից (Türk-İş) 2023 թվականի հունիսին հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ քաղցի շեմը, որը ցույց է տալիս գումարի այն նվազագույն չափը, որն անհրաժեշտ է 4-հոգանոց ընտանիքին հիմնական սննդային ծախսերի համար, կազմել է 10,373 թուրքական լիրա (386 ԱՄՆ դոլար)։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչության 98 տոկոսը կամ 83 միլիոն մարդ ապրում է քաղցի և/կամ աղքատության շեմից ներքև, որոնցից 51․6 միլիոնը կամ 60․4 տոկոսն ապրում են քաղցի շեմից ներքև։
Աղքատության շեմը, որը 4-հոգանոց ընտանիքի համար նաև ներառում է բնակարանի բարձակալության և կոմունալ վճարները, կազմում է 33,789 թուրքական լիրա (1,257 ԱՄՆ դոլար)։
Զեկույցում նաև մեջբերվում է ՄԱԿ-ի 2023 թվականի Կայուն զարգացման նպատակների զեկույցը, որում ասվում է, որ Թուրքիայում թերսնված է բնակչության 2․5 տոկոսը, իսկ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճությունը 5․5 տոկոս է։
ԺՀԿ զեկույցում նաև հղում է արվում HungerMap-ին՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պարենային անվտանգության գրեթե իրական ժամանակի մոնիտորինգի համակարգին, որը 2022 թվականի հունիսին ցույց է տվել, որ Թուրքիայի 14,8 միլիոն բնակիչ սննդի անբավարար սպառման խնդիր ունի: