Ադրբեջանում ավարտվել են «Խազրիի ալիք» մարտավարական զորավարժությունները, որոնք իրականացվել են ռազմածովային նավատորմի, ցամաքային զորքերի, ՌՕՈւ-ի եւ պետական սահմանապահ ծառայության ափային պահպանության փոխգործակցությամբ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ամփոփիչ փուլում Կասպից ծովի՝ Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող տարածքային ջրերում իրականացվել է մարտական հրաձգություն՝ պայմանական հակառակորդի նավերը, ինչպես նաեւ օդային եւ ափամերձ թիրախները ոչնչացնելու նպատակով։
Զորավարժություններին մասնակցել է 1 500 մարդ, ՌԾՈւ մարտական եւ պարեկանավեր, պետական սահմանապահ ծառայության ափային պահպանության պարեկանավեր, ՌՕՈւ ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ ցամաքային զորքերի մարտական զրահամեքենաներ։