ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին,
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին,
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադայանին
կամ
ինչ է կատարվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի
հոգաբարձուների խորհրդում
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խորհուրդը ձևավորվել է 2018թ. հունիսի 27-ին ՀՀ վարչապետի 840-Ա որոշմամբ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հունիսի 2-ին տարածել է հաղորդագրություն, ըստ որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Գևորգյանը ապրիլի 25-ին դիմել է ՀՀ վարչապետին՝ իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:
Մայիսի 29-ին խորհրդի 20 անդամներից 10-ի նախաձեռնությամբ հունիսի 2-ին հրավիրվել է նիստ, որի ժամանակ էլ դադարեցրել են Գ. Գևորգյանի լիազորությունները և ընտրել են Ա. Խոջոյանին:
Ինչ է կատարվել իրականում
10 հոգանոց խումբը (5 դասախոս, 5 ուսանող) արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությունը հիմնավորել են մատնանշելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը.
- ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդում Գ. Գևորգյանին այլ անձով փոխարինելու գործընթաց է սկսվել և առաջարկել է Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնել և անցկացնել հոգաբարձուների խորհրդի նիստ և քննարկել օրակարգային հրատապ և անհետաձգելի հարցերը և կատարել հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի ընտրությունը:
Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը իհարկե հնարավորություն տալիս է խորհրդի անդամների մեկ երրորդին նիստ հրավիրել: Նախաձեռնող խումբը զուտ պետք է 26-րդ հոդվածը ընթերցեր մինչև վերջ: Ըստ 26-րդ հոդվածի նիստ կարող է հրավիրվել խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում:
Ավելի պարզ ասած, խորհրդի նիստ կարող էր գումարվել միայն խորհրդի նախագահի կողմից: Հունիսի 2-ի նիստի անցկացման համար խորհրդի նախագահին մեկ երրորդի կողմից նիստի անցկացման պահանջ չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության «այլ անձով փոխարինելու գործընթաց է սկսվել» արտահայտությանը, պետք է նախարարության մեր գործընկերներին տեղեկացնեմ ոչ մի օրենսդրական փաստաթղթում իրավական նման եզրույթ գոյություն չունի և այդ հարցը հստակ կարգավորված է ՀՀ կառավարության 2005թ. թիվ 975-Ն որոշմամբ, ըստ որի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են ՀՀ վարչապետի որոշմամբ: Իսկ ՀՀ վարչապետի որոշմամբ Գ. Գևորգյանը մինչև խորհրդի լիազորությունների ավարտը` հունիսի 27-ը համարվել է խորհրդի անդամ:
Խորհրդի նախագահ Գ. Գևորգյանը նախագահի իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով խորհրդին չի դիմել, և այդ հարցով որպես նախագահ նիստ չի հրավիրել:
Խորհրդի աբսուրդային գործունեութունը ունեցել է շարունակություն:
«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի և համալսարանի կանոնադրության համաձայն խորհուրդը ձևավորվում է 5 տարի ժամկետով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 27-ին: Հունիսի 29-ին խորհրդի արդեն «ընտրված» նախագահ Ա. Խոջոյանը հունիսի 30-ին հրավիրել է նիստ օրակարգում ընդգրկելով մեկ հարց՝ ՀԱԱՀ կողմից հրապարակվող 2022թ. ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացության հաստատում: Հոգաբարձուների գոյություն չունեցող խորհուրդը հաստատել է համալսարանի 2022 թ. ֆինանսական հաշվետվությունը և անկախ աուդիտորական եզրակացությունը: Ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը պարտավոր է մինչև տվյալ տարվա հուլիս 1-ը հրապարակել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հաշվետվությունն ու եզրակացությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը, արձանագրում եմ, որ
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի հունիսի 2-ի նիստն ապօրինի է, հետևաբար այդ նիստում ընդունված բոլոր որոշումները, այդ թվում խորհրդի նախագահի ընտրությունը անօրինական են:
- Խորհրդի հունիսի 30-ի նիստն ինքնիրավչության արդյունք է: Ընդ որում նիստին մասնակցել և կողմ են քվեարկել լիազոր մարմնի ներակայացուցիչերը` փոխնախարարը և վարչության պետը:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնդրում և պահանջում տալ իրավական գնահատական վերոնշյալ անօրինականություններին: