Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը վաղ առավոտյան մարզից ժամանել են Երևան և Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է «Oragir news»-ը:
Ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
«Շուրջ 3 տարի է՝ մեր տղաներից լուր չունենք, ԱԱԾ-ն նորմալ չի զբաղվում, բոլոր կառույցները մոռացել են մեր երեխեքին: Ոչինչ չի արվում նրանց գտնելու և Հայաստան բերելու համար: Նիկոլ Փաշինյանից պատասխան ենք ուզում»,-ասաց ծնողներից մեկը:
Ծնողներից Կարինե Մանավազյանն էլ ասաց. «Իրենց թվում է, որ կարող են զինվորներին մի կողմ դնել ու ամեն ինչ մոռացվի: Չի կարող այդպիսի բան լինի: Մարդիկ հիմա չեն գալիս ակցիաներին, որովհետեւ հուսահատվել են արդեն: Ոչ ընդունում են, ոչ լսում են, ոչ հարցին լուծում են տալիս: Այսպիսի արհամարհանք զինվորի ծնողի հանդեպ չի կարելի: Մերե երեխեքը գնացել են պատերազմ բոլորի համար, նաեւ իրենց համար: Իրենք են տարել, թող իրենք էլ պատասխանը տան: Չի մոռցվելու, հանկարծ չմտածեն, որ մի ծնող հետ է քաշվելու: Ամեն օր ծնողներից մեկի մահն ենք լում: Դա իրենց վերաբերմունքից է: Իր երեխան 3 օր կորի, սաղ Հայաստանը ոտքի կհանի:
Աննա Հակոբյա՛ն, երկու խելապակաս ծնող վերցրեցիր տարար Մարտի 8 արեցիր, ցույց տվեցիր, թե ինչպես են ծնողները ձեռքերը վեր բարձրացրած պարում: Բա ինչո՞ւ չես գալիս տեսնես մյուս ծնողների վիճակը, ինչո՞ւ չես գալիս տեսնում, որ անկողնում ծնողը մի րոպե հետո մեռնելու է, ինչո՞ւ դա չես նկարում: Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ»:
Կառավարությունից հայտնեցին, թե հնարավոր չէ այդ պահին Փաշինյանի հետ հանդիպումը, որից հետո ծնողները հայտնեցին անժամկետ նստացույցի մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, սակայն վերջինս նրանց չի ընդունել: