Ադրբեջանի տարբեր բնակավայրերից՝ Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շամխորից, Շամախիիից, Մինգեչաուրից, Եվլախից, Թովուզից և Նախիջևանից մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպությունները ողջունում են հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկումը։
Հայ փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ նշել են. «Մենք՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից՝ Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շամխորից, Շամախիիից, Մինգեչաուրից, Եվլախից, Թովուզից և Նախիջևանից մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպություներս, ողջունում ենք մեզ հասած հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում մեր նախկին բնակավայրեր մեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկման վերաբերյալ:
Մեր՝ փախստականներիս և բռնի տեղահանվածներիս ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացումը խիստ անհրաժեշտություն է մեր շահերի և իրավունքների պաշտպանության համատեքստում: Այդ նպատակով առաջնային ենք համարում Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական քաղաքականության մակարդակով իրականացվող հայատյացության քարոզի իսպառ վերացումը և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցումը, իրենց կողմից իրականացված հանցագործությունների փաստերի ընդունումը, մեր կրած վնասների փոխհատուցումը և միջազգային երաշխիքների ներքո մեր արժանապատիվ եւ անվտանգ վերադարձն ապահովելու համար գործուն քայլերի ձեռնարկումը:
Կոչ ենք անում քաղաքակիրթ հանրությանը աջակցել մեր կողմից բարձրացվող հիմնախնդիրների լուծմանը և պատրաստակամություն հայտնում արդյունավետ ներգրավվել այս ուղղությամբ համագործակցության մեջ»: