00:00:00

Եթե գազի համար բնակարանը թանկացել էր 1000 դոլարով, ևս 1000 դոլարով թանկացավ հոսանքի համար․ Սաքապետոյանը՝ ՀԷՑ-ին միանալու սակագների մասին

16:53, 13 հուլիս 2023 Հասարակություն

2023 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որի համաձայն՝ փոփոխության են ենթարկվել «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ին միանալու կանոնները։

Ըստ սահմանված սանդղակի՝ կառուցապատողները և քաղաքացիները, որոնք ապրիլի 1-ից հետո են միանալու ՀԷՑ-ին, վճարելու են 2-3 անգամ ավելի բարձր գին։

Լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասել էր, թե սկզբունքը մեկն է՝ նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն արդեն գործող բաժանորդների համար և նրանց ֆինանսական բեռը չավելացնեն։

Aysor.am-ի հետ զրույցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն ասաց՝ մի շարք խնդիրներ են ի հայտ եկել որոշման փոփոխությունից հետո, մասնավորապես, բնակարանների գները բարձրացել են։

Նրա խոսքով՝ բացի հոսանքից, նմանատիպ խնդրի են բախվել նաև գազի դեպքում։

«Երևանի տարբեր հատվածերում շենքեր էին կառուցվում, որտեղ «Գազպրոմ»-ը չուներ համապատասախան թողունակություն, անհրաժեշտություն էր առաջանում նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, որպեսզի նոր զարգացող տարածքներում հնարավոր լինի գազաֆիկացում իրականացնել։

Դրա համար «Գազպրոմը» պետք է իր ներդրումային ծրագիրն ունենար, բնականաբար, ներդրումները մտցնելով սակագնի մեջ, ինչը կազդեր բոլորի վրա։

Կառավարությունը դեմ գնաց այդ՝ ներդրումային ծրագրի միջոցով գազաֆիկացմանը, քանի որ դա բերելու էր սոցիալական խնդիրների ավելացման»,-ներկայացրեց Սաքապետոյանը։

Նա ասաց, որ իրենք կառավարությանն առաջարկել են, որպեսզի «Գազպրոմ»-ին բյուջետային վարկ հատկացնի, «Գազպրոմը» ստեղծի իր ենթակառուցվածքները, հետագայում արդեն սահմանի այդ կետերի միացման նոր սակագին՝ կառուցապատողների համար։

«Մոտ մեկուկես տարի բանակցելուց հետո, հասկացանք, որ կառավարությունը կա՛մ չի տալու, կա՛մ շատ բարդ է բյուջեից այդ գումարը ստանալը։ Ստեղծվեցին մի քանի ընկերություններ, երևանամերձ գազաբաշխիչ կայաններից նոր ցանց ստեղծելու նպատակով կառուցապատողները սկսեցին կատարել ներդրումներ և ստեղծել այդ ենթակառուցվածքները։

Մեկ շենքի հաշվարկով ասած՝ լրացուցիչ 20-30 մլն դրամի ծախս ավելացավ, ինչը, բնականաբար, բերեց բնակարանի գնի ավելացման, մեկ բնակարանի գինը թանկացավ ևս 1000 դոլարով։

Սա միակ լուծումն էր, որ Կառուցապատողների ասոցիացիան կարողացավ իրականացնել»,-նշեց Արմեն Սաքապետոյանը։

Ինչ վերաբերում է հոսանքին, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամի խոսքով՝ մինչ այս փոփոխությունները, ՀԾԿՀ-ն սահմանած ուներ միասնական վճար հասկացությունը, որտեղ մի մասը վճարում էր կառուցապատողը, մնացածը ՀԷՑ-ն իր միջոցների հաշվին էր իրականացնում։

«Այժմ, փոխվել է սխեման. ասում են, որ կառուցապատողը պետք է 100 տոկոս վճարի ՀԷՑ-ին, իրենք ենթակայանը կկառուցեն։ Այսինքն՝ հոսանքի միացման ծախսերը մինչև 5 անգամ թանկացան, ինչն էլի ազդում է սպառողի վրա։

Եթե գազի համար բնակարանը թանկացավ 1000 դոլարով, ևս 1000 դոլարով էլ թանկացավ հոսանքի համար։

Մեր խնդիրն այն է, որ հիմա, ըստ էության, մի ենթակայան կառուցելու համար ՀԷՑ-ին վճարում ենք 50 մլն դրամ, իրենք կառուցում են այն, մեր շենքերին տալիս են հոսանք, բայց մեր կատարած ներդրման հաշվին, այդ նույն ենթակայանից կետ են տալիս այլ բաժանորդների ևս։

Կոպիտ ասած, ի հաշիվ մեր կատարած ներդրումների ՀԷՑ-ը հարստանում է»,-ասաց Սաքապետոյանը։

Հարցին՝ արդյո՞ք ասոցիացիան, որպես միավորող կառույց, խնդրի լուծման համար դիմել է կառավարությանը կամ ՀԷՑ-ին՝ Սաքապետոյանն արձագանքեց.

«Իրենք խնդիրն ընդունում են, որ ճիշտ չի ամբողջ բեռը դնել կառուցապատողների կամ բնակիչների վրա։ Հիմա իրենց հետ բանակցային փուլում ենք գտնվում, որպեսզի կարողանանք մի լուծում գտնել, որպեսզի և՛ գնորդների վրա բեռը չընկնի, և՛ սակագնի վրա ազդեցություն չունենա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր