ԱՄՆ-ի մի քանի դաշնակիցներ մտահոգություն են հայտնել Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու Վաշինգտոնի որոշման առիթով, տեղեկացնում է BBC-ն։
Ուրբաթ ԱՄՆ-ն հաստատել է, որ վիճարկելի զենքն ուղարկում է Ուկրաինա, իսկ նախագահ Ջո Բայդենը դա «շատ դժվար որոշում» է անվանել։ Ի պատասխան Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Իսպանիան հայտարարել են, որ դեմ են այդ զենքի օգտագործմանը։
Կասետային ռումբերը արգելվել էին ավելի քան 100 երկրներում քաղաքացիական բնակչության համար ներկայացնող վտանգի պատճառով։ Դրանք ավելի փոքր չափսի բազմաթիվ ռումբեր են արձակում, որոնք մեծ տարածքում սպանում են առանց ընտրության։ Բացի այդ, չպայթած ռումբերը կարող են տարիներով հողում մնալ, հետո նոր պայթել։
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է որ այս զենքը «հսկայական վնաս է հասցնում անմեղ մարդկանց, և կարող է տևական ազեցություն ունենալ»։
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է լրագրողներին, որ իր երկիրը «կայուն պարտավորություն» ունի, որ որոշակի զինամթերք ու ռումբեր չեն կարող Ուկրաինա ուղարկվել։
Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս կասետային ռումբերի կիրառմանը և նախկինի պես լիովին հետևում է Կասետային զինամթերքի վերաբերյալ կոնվենցիային։
ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը չեն միացել կոնվենցիային։
Մինչդեռ պայմանագիրը ստորագրած Գերմանիան հայտարարել է, որ թեև այդպիսի զենք չի տրամադրելու Ուկրաինային, բայց հասկանում է ամերիկյան դիրքորոշումը։
Ուկրաինան հավաստիացրել է, որ կասետային ռումբերն օգտագործվելու են «բացառապես հակառակորդի պաշտպանության գիծը ճեղքելու համար և ոչ թե քաղաքային շրջաններում»։