00:00:00

Ամեն ինչ հորինված է. Կրեմլը՝ Սի Ծինփինի՝ Պուտինին միջուկային զենքի օգտագործման հարցում արած նախազգուշացման մասին

15:09, 05 հուլիս 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ  պնդումներն առ այն, թե Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն անձամբ է նախազգուշացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում միջուկային զենք չօգտագործել, հորինված են։

Ավելի վաղ նման տեղեկություն էր հրապարակել Financial Times-ը՝ հղում անելով Կրեմլի, Չինաստանի և արևմտյան երկրների աղբյուրներին։

«Ոչ, ես չեմ կարող դա հաստատել: Ես կարող եմ ձեզ միայն ասել, որ ՉԺՀ ղեկավար Սիի Մոսկվա կատարած այս կարևոր այցի արդյունքում շատ տեղեկություններ են տրամադրվել, եղել են հայտարարություններ մամուլի համար։ Բանակցությունների էությունը հստակ շարադրված էր համատեղ հայտարարությունում։ Հետևաբար, շատ տեղեկություններ կան։ Իսկ մնացած ամեն ինչ հորինված է»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այդ տեղեկությունը հաստատելու կամ հերքելու խնդրանքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում միջուկային հարձակման հարցում: Այս մասին գրել է հեղինակավոր Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, չինացի նախկին պաշտոնյային, արևմտյան պաշտոնյաներին, Չինաստանի կառավարության ավագ խորհրդականին և Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին:

Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ Սին այս նախազգուշացումն արել է մարտին Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր չինացի պաշտոնյաներն իրենց են վերագրել առաջընթացը՝ համոզելու Պուտինին հրաժարվել Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու քողարկված սպառնալիքներից:

FT-ն նշում է, որ իր հրապարակային հայտարարություններում Չինաստանը մշտապես դեմ է արտահայտվել Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը։ Սակայն Կիևի դաշնակիցներից շատերը կասկածում են Պեկինի մտադրությունների անկեղծությանը՝ հաշվի առնելով Սիի և Պուտինի միջև «անսահման բարեկամությունն» ու Չինաստանի խաղաղության ծրագիրը, որը հիմնականում կրկնում է ռուսական թեզերը:

Միաժամանակ Պուտինին ուղղված Սիի նախազգուշացումները հույս են տալիս, որ Չինաստանն, այնուամենայնիվ, դեմ է միջուկային հարվածին:

Չինացի նախկին պաշտոնյան FT-ին հաստատել է, որ Սին անձամբ ասել է Պուտինին չօգտագործել միջուկային զենք՝ նշելով, որ Չինաստանի դիրքորոշումն ընդդեմ դրանց կիրառման ներառված է Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ իր դիրքորոշման փաստաթղթում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր