Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր երկրում զանգվածային անկարգությունների ֆոնին, լքել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստը և չեղարկել իր ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում է Le Figaro հրատարակությունը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Մակրոնը լքել է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը՝ հակաճգնաժամային հանդիպում անցկացնելու նպատակով։ Հանդիպման թեման Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններն են, որոնք հրահրվել են Փարիզի արվարձան Նանտերում ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությամբ։
Ըստ թերթի՝ Մակրոնը միջոցառումը լքել է իրավիճակի լրջության պատճառով։
Հրատարակության տվյալներով՝ անցած գիշեր ավելի քան 660 մարդ է բերման ենթարկվել, մոտ 250 ոստիկան վիրավորվել է։
Սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահին գագաթնաժողովում կներկայացնի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Հունիսի 27-ի առավոտյան Նանտերում ոստիկանը կրակել և սպանել է 17-ամյա Նահելին, քանի որ նա հրաժարվել է կատարել ոստիկանության հրամանները։ Նահելը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Հունիսի 27-ի երեկոյան բողոքի ցույց է տեղի ունեցել Նանտերում տեղի ոստիկանության շենքի դիմաց։ Այնուհետև ցուցարարները բախվել են ոստիկանների հետ։ Անկարգությունները տարածվել են Փարիզի այլ արվարձաններում։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները երկրում անկարգությունների դեմ պայքարելու համար 40 հազար ոստիկան են տեղակայել, որից 5 հազարը՝ Փարիզում։