Նախկին փոխնախագահ Մայք Փենսը հինգշաբթի օրը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկու հետ՝ երկիր կատարած այցի ժամանակ։ Այս մասին գրել է CNN-ը։
Փենսը Կիևի նախագահական նստավայրում հանդիպել է Զելենսկու հետ՝ Ուկրաինայի առաջնորդին ասելով, որ ԱՄՆ-ը կշարունակի մնալ Ուկրաինայի կողքին «մինչև հաղթանակի հասնելը, բայց հետո նաև արդարության հաստատումը»:
Նախկին փոխնախագահը կանգ է առել երեք տարբեր քաղաքներում ու գյուղերում՝ Բուչա, Իրպին և Մոչուն, որոնք անցյալ տարի մեծ ավերածություններ են ենթարկվել գնդակոծությունից: Նա շրջել է ավերակներով, հանդիպել տեղացիների հետ ու ծաղիկներ դրել պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
«Ամերիկյան ժողովուրդը աղոթում է ձեզ հետ, աջակցում է ձեզ Ուկրաինայում», - ասել է նա ընտանիքներին, որոնց հանդիպել է Իրպինում:
Լրագրողի այն հարցին, թե որն է նրա ուղերձն ամերիկացիներին, այդ թվում՝ իր կուսակցության անդամներին, որոնք կարծում են, թե ԱՄՆ-ն չափազանց մեծ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, Փենսը պատասխանել է. «Բայց ես այսօր եկել եմ այստեղ՝ անմիջականորեն տեսնելու այն առաջընթացը, որին նպաստել է մեր ռազմական աջակցությունն Ուկրաինայում»:
«Եվ իմ ուղերձը իմ հայրենակից ամերիկացիներին, երբ ես տուն վերադառնամ, կլինի այն, որ Ուկրաինայում հաղթում է ազատությունը»,- ասել է նա։
Նա նաև պնդել է, որ հանրապետականների մեծամասնությունը «հասկանում է, որ Ամերիկան ազատ աշխարհի առաջնորդն է, մենք ժողովրդավարության զինանոցն ենք»։