Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է դաշնության քաղաքացիներին, զինվորականներին և իրավապահներին՝ կապված «Վագների» մարտիկների գործողությունների հետ։
Ռուսաստանի իշխանությունները ավելի վաղ «Վագներ» ռազմական խմբավորման գործողություններն անվանել էին «ապստամբություն» և քրեական գործ հարուցել նրա ղեկավարի՝ Եվգենի Պրիգոժինի դեմ։
«Մենք կանգնած ենք ներքին դավաճանության առաջ»,- ասել է Պուտինը՝ նկատի ունենալով Պրիգոժինի գործողությունները։ Նա հայտարարել է, որ «փորձ է արվում ապստամբություն կազմակերպել», սպառնացել է, որ «շանտաժի ու սպառնալիքների ճանապարհով սկսվածը» կպատժվի։
«Ցանկացած ներքին ցնցում մահացու սպառնալիք է մեր պետականության համար, մեր գործողությունները կոշտ են լինելու»,- խոստացել է նա։
Վլադիմիր Պուտինը Եվգենի Պրիգոժինի անունը չի տվել։ Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ Ռոստովում պետական և իրավապահ մարմինների աշխատանքը «իրականում արգելափակված է»:
«Նա, ով կազմակերպել է ռազմական ապստամբությունը, զենք բարձրացրել իր ընկերների վրա, նրանք դավաճանել են Ռուսաստանին և պատասխան կտան դրա համար»,- ասել է Պուտինը։ «Ես ամեն ինչ կանեմ երկիրը պաշտպանելու և մեր պետականությունը, մեր ժողովրդին պաշտպանելու համար»։
Խմբավորման ստորաբաժանումների մուտքը Ռոստով Պուտինը համեմատել է 1917 թվականի իրադարձությունների հետ, երբ Ռուսաստանը, նրա խոսքով, նույնպես բախվեց դավաճանության հետ, ինչի արդյունքում պարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում։
Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, որոշ աղբյուրներ հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Ինքը`Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: