Ղրղըզստանում, «Շոպոկով» երկաթուղային կայարանի մոտ գտնվող նավթաբազայում ցիստեռն է պայթել. տուժել է 4 մարդ, տեղեկացրել է «Sputnik Кыргызстан»-ը՝ հղում կատարելով հանրապետության առողջապահության նախարարությանը։
Նշվել է, որ նրանք բոլորը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Սոկուլուկի շրջանի համաբժշկական պրակտիկայի կենտրոն։ Տուժածներից մեկը ծանր վիճակում է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Երեքը հոսպիտալացվել են վնասվածքաբանության բաժանմունքում։ Երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
«Տուժածների համար կան բավարար չափի դեղամիջոցներ եւ արյուն։ Բիշքեկից ուղարկվել է այրվածքաբանների բրիգադ»,- տեղեկացրել է հանրապետության առողջապահության նախարարությունը։ Տեղում աշխատում են շտապօգնության երեք բրիգադներ, վիրաբույժներ եւ վնասվածքաբաններ։
Կրակը «Շոպոկով» նավթաբազայում մարում են 8 հրշեջ հաշվարկներ։ Նրանց միացել է նաեւ «Ղրղըզ թեմիր ժոլու» հրշեջ գնացքը։
Հանրապետության ԱԻՆ տեղեկության համաձայն՝ ժամը 18.06-ին հրդեհը նավթաբազայում տեղայնացվել է։