Դա կտրուկ հակասում է մեր հայկական մենթալիտետին, չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել զոհվածի հարազատին, թեկուզ եթե նրա արարքը քրեական հետապնդման է արժանացել: Այս մասին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը:
«Մենք պետք է մի շատ կարեւոր հանգամանք ընդունենք, որ նա երկու տարուց ավելի է՝ կորուստի ցավը սրտում, չակերտավոր ապրում է: Աշոտ Փաշինյան, եթե ունես տղամարդկություն, գնա, ետ վերցրու քո դիմումը, քո պահանջը, եղիր տղամարդ: Պատկերացրու, քո մայրն է այնտեղ, դու չես կարող այդ ցավը զգալ, քո մայրը չի կարող այդ ցավը զգալ, այդ ցավը կարող են զգալ միայն Գայանե Հակոբյանի բախտակիցները, բայց պետք է փորձել հասկանալ այդ կնոջ արարքը, նամանավանդ չկան ծանր մարմնական վնասվածքներ»,-ասաց նա:
«Հայ տղամարդուն հարիր չէ նման պահվածքը, ինչ ես ասելու ընկերներիդ մոտ, ասելու ես՝ գնացել եմ որդեկորույս կնոջ դեմ ցուցմունք եմ տվել, որ ձերբակալեն, դու համարելո՞ւ ես քեզ տղամարդ, որ նման կնոջ դեմ ցուցմունք ես տվել, ամոթ է, այ տղա, գնա ցուցմունքդ հետ վերցրու, որ անեծքներից զերծ մնաս»,-ասաց նա: