00:00:00

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. Նիկոլ Փաշինյան

13:25, 20 մայիս 2023 Քաղաքականություն

Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Փաշինյանի խոսքով՝ պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվում են, իսկ շատ հարցերում անգամ խաչվում են:

«Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, երբ որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, այդ ապրանքները համարվեն բարեգործական ու մաքսային և այլ վճարների չենթարկվեն: Օրինակ՝ այդպիսին է պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այդտեղ շատ լուրջ սկզբունքային խնդիրներ ենք տեսնում»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ սկզբունքային խնդիրներից առաջինն այն է, որ եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը պետք է չվաճառվի:

«Մենք ասում ենք՝ շատ լավ, պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, ուղղակի դրեք, հավատացյալները թող գան, վերցնեն, գանձանակ թող լինի, ով ինչքան ուզենա՝ այնքան վճարի, որովհետև օրենքին հակասում է։ Օրենքն ասում է՝ եթե բարեգործական է, դու հետագայում չես կարող դրանից գումար ձեռք բերել։

Երկրորդ տարբերակն այն է, որ մոմը ամբողջությամբ վաճառվի, արձանագրվի, համապատասխան հարկերը վճարվեն պետական բյուջե, բայց մենք ասում ենք՝ վճարած ամբողջ հարկերը ու դեռ մի բան էլ ավելին կվերադարձնենք եկեղեցուն, այսինքն՝ կառավարությունը պետական բյուջեի համար ոչ մի բան չի պահի: Այսինքն՝ տալիս ենք երկու տարբերակ՝ կամ պարաֆինը, որից մոմ է պատրաստվում, համապատասխան վճարներով չի գանձվում ու այդ պարագայում դառնում է բարեգործական ապրանք ու մեր եկեղեցիներում մոմը չի վաճառվում, անվճար է տրվում, որն ավելի մեծ եկամուտներ կարող է բերել եկեղեցուն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ գանձանակի տարբերակով ավելի շատ գումարներ են հավաքագրվում, քան ուղղակի վաճառքի տարբերակով։ Կամ մոմի, ինչպես բոլոր իրերի վաճառքը տեղի ունենա ՀՀ օրենսդրությանը համապատասխան, դրանից գանձվեն հարկեր, տուրքեր ու ես, կառավարությունն ասում ենք՝ ինչ հավաքագրվում է, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն: Նկատի ունեմ՝ այսպիսի խաչվող տեղեր կան»,- հավելեց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանականերում:

«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», - ընդգծեց վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր