00:00:00

ՊՆ-ն հորդորում է չտարածել սխալ տեղեկություններ, ավելորդ սթրեսի չենթարկել զինծառայողների ծնողներին

22:41, 17 մայիս 2023 Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,

սահմանային միջադեպերի, առաջնագծում լարված իրադրության ժամանակ, երբ, ցավոք սրտի, հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվում կամ վիրավորվում, որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի օգտատերեր,  այս կամ այն ճանապարհով ստանալով այդ տեղեկությունը, որը շատ հաճախ լինում է ոչ ստույգ և սխալ, շտապում են հաղորդել այն հանրությանը:

Պաշտպանության նախարարությունը բազմիցս հորդորել է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նման իրավիճակներում սպասել պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունները  հրապարակում է միայն բազմակի ստուգումից, զոհված զինծառայողի ընտանիքին սահմանված կարգով տեղեկացնելուց հետո:

Այսօր ևս, ինչպես նախորդ օրերին, լրատվամիջոցներից մեկը շտապել է հանրայնացնել իր ստացած սխալ տեղեկությունը` նշելով, թե զոհված զինծառայողը Շիրակի մարզից է:

Պաշտպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել են Շիրակի մարզից զինծառայողների բազմաթիվ ծնողներ, ովքեր փորձել են ճշտել այդ տեղեկությունը:

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նմանօրինակ իրավիճակներում չշտապել և չտարածել իրենց ստացած այս կամ այն սխալ տեղեկությունը, ավելորդ սթրեսի չենթարկել զինծառայողների ծնողներին, հետևել պաշտոնական լրահոսին. պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր