Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով այսօր՝ ապրիլի 9-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց հայ ժողովրդին։
Պատգամում, մասնավորապես, նշված է.
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս,
Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Օրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, Ով աստվածային անսահման սիրով, Իր փրկագործությամբ մարդկության համար բացեց հավիտենության ու երկնքի արքայության ճանապարհը։ Քրիստոս ցրեց անհուսության խավարը, հարության շնորհը պարգեւեց մարդկանց, նաեւ զորացրեց՝ երկրային այս իրականության մեջ հառնելու տառապանքներից, չարի ներգործությամբ աշխարհն ալեկոծող աղետներից ու ավերածություններից։
Քրիստոսի խաչելությունից մինչ օրս փարիսեցիական խարդավանքները, հուդայական մատնությունները, պիղատոսյան դատավարությունները արհավիրքներ են սփռում աշխարհում, աղճատում արարչաստեղծ մարդու կերպարն ու էությունը։ Այսպիսի իրողությունների հանդիման, արդարեւ, նոր ուժգնությամբ է հնչում Քրիստոսի խոսքը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։
21-րդ դարը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լուսավորյալ նոր դարաշրջան պիտի լիներ գիտական ձեռքբերումներով, տեխնոլոգիական մեծ նվաճումներով, մարդու կյանքի, մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանության միջազգային նորմերով ու օրենքներով։ Բայց որքան անմեղ մարդիկ, որքան ժողովուրդներ են պատերազմների գողգոթաներում նեղությունների ու վշտերի ենթարկվում, տառապանքների խաչին գամվում՝ անարդարության, գերիշխանության մոլուցքի, խտրականության պատճառով, պայքարում գոյաբանական սպառնալիքների դեմ։ Մենք եւս անցանք 44-օրյա պատերազմի, Հայաստանի սահմանների վրա հարձակումների աղետալի իրողությունների միջով։ Մեր հայրենիքը ներքին եւ արտաքին մտահոգիչ մարտահրավերների պայմաններում դիմակայում է անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների։ Հարազատ Արցախը տեւական ժամանակ շրջափակված է եւ դիմագրավում է անասելի դժվարությունների ու զրկանքների։ Այս անհանգստացնող, վտանգալի երեւույթների հանդիման, մեր սրտերում կրելով չամոքվող վիշտը մեր նահատակ, գերեվարված, անհայտ կորած ու վիրավոր զավակների, ականատես ենք նաեւ ցավալի այլ իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսեւորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային-հոգեւոր անվտանգությունը, որը մեծապես կարեւոր է մեր դեմ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման համար։ Մեր կյանքում տեղ գտած նմանօրինակ ընթացքները, հատկապես հետպատերազմյան շրջանում, ավելի են ծանրացնում կրած վշտի ու կորուստների ցավը։ Եվ այսպիսի իրադրության մեջ ամենքիս համար առավել ուժգնությամբ է հնչում Քրիստոսի հարցադրումն ու հանդիմանությունը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18.8 ), «Ո՞ւր է ձեր հավատը» (Ղուկ. 8.25)։
Հիրավի, երբ պետական եւ հասարակական կյանքում արդարությունը եւ ճշմարտությունը դադարում են լինել առանցքը ձեռնարկումների ու իրագործումների, շարունակելու ենք առերեսվել պիղատոսականության դրսեւորումների։ Փարիսեցիական խարդավանքները շարունակվելու են, քանի դեռ քինախնդրության եւ հիշաչարության մղումով սփռվում են զրպարտանք ու անիրավություն։ Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը։ Մինչդեռ պետություն, հասարակություն եւ ընտանիք ամուր ու զորեղ են, երբ խարսխվում են աստվածադիր պատգամների, անանց արժեքների վրա, որոնք բարօրության ուղենիշ են եւ առաջնորդում են երկնային զորակցությամբ արդյունավորելու ջանքերը՝ ի խնդիր ժողովրդի ապահովության, առաջընթացի ու բարգավաճման։
Սիրելիներ, հարության հավատքը հաղթանակ է փորձությունների դեմ, որին բնորոշ չէ վախի, հուսահատության, անկումի ոգին, աղետաբեր դատապարտելի հաշտվողականությունը։ Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը։ Հավատքը պիտի արտահայտվի յուրաքանչյուր քայլի ու արարքի մեջ՝ անձնական, հավաքական ու համազգային անդաստանում։ Հավատքով ու միաբանությամբ ենք հաղթահարել մեր պատմության ընթացքում բազմաթիվ արհավիրքներ, վերակերտել մեր անկախ պետականությունը եւ ստեղծագործ կյանք վերընձյուղել հայրենի հողի վրա։ Այսօր էլ Աստծո հանդեպ, մեր ուժերի հանդեպ հավատն է, որ պիտի զորացնի մեզ՝ դուրս գալու ճգնաժամային իրավիճակներից, կառուցելու լուսավոր ապագա։
Արդ, ազգովի վերանորոգենք մեր հավատը մեր Փրկչի հրաշափառ Հարության տոնախմբությամբ եւ մեր կյանքով, մեր ամեն խոսքով ու գործով վկայենք մեր հավատարմությունը Քրիստոսին, վկայենք մեր նախանձախնդրությունը հանդեպ մեր տերունավանդ հավատքը եւ կերտենք հարուցյալ նոր իրականություն Քրիստոսի հետ։
Այս մաղթանքով եւ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ամենայն բարյաց մաղթանքով Սուրբ Հարության հոգեպարար ավետիսն ենք բերում քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը Քրիստոսապատվեր առաքելության արդյունավորման գործում։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս։
Սուրբ Հարության այս լուսաշող օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված եւ խնդրում, որ Քրիստոսի Սուրբ Հարության կենսանորոգ շնորհներով փոխակերպվի ու բարեզարդվի աշխարհը, եւ մարդկությունը երկնային զորակցությամբ հառնի տառապանքներից ու նեղություններից, հաստատի բարիք ու խաղաղություն։ Հարության զորացնող ուժն ենք հայցում Փրկչից հատկապես Արցախի Մեր զավակների համար, որպեսզի խիզախ ու անկոտրում լինեն ոգով եւ արցախցուն բնորոշ ամուր եւ անհողդողդ կամքով հաղթահարեն իրենց առջեւ ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարուցյալ Փրկիչը Իր շնորհներն ու ողորմությունը տարածյալ պահի հայրենի մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի վրա եւ Իր Սուրբ Աջի հովանու ներքո ապահովության ու բարօրության մեջ պահպանի համայն մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի այսօր եւ միշտ եւ հավիտյանս. ամեն։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։