ԿԳՄՍՆ-ը պատասխանել է բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Էրիկ Իսրայելյանին, որը ֆեյսբուքյան գրառումով հայտնել էր, թե «4մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն իրեն չի տվել»։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար:
Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարի տարբեր հրամաններով բռնցքամարտիկը, ի թիվս ՀՀ մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած բազմաթիվ այլ մարզիկների, ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:
Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 1 տարի շարունակ, բռնցքամարտիկը 2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով: 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ: 2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել՝ որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն ստացել է՝ որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:
Այսպիսով, բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:
Ի դեպ, «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզիկին հատկացվող նպաստը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ /վերը նշված գումարները ներկայացված են՝ չներառելով հարկերը և տուրքերը/:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չեն իրականացնում:
Կից հրապարակում ենք տեղեկանք՝ կատարված փոխանցումների մասին»,- նշվում է հաղորդագրությունում: