00:00:00

Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյան

17:45, 27 մարտ 2023 Քաղաքականություն

Մարտի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:

Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը: 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ շարունակվող բանակցություններին, Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:  

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել գործարարկապերի, ինչպես նաև մշակութային, կրթական և գիտական ոլորտներում համագործակցության ընդլայնման  ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, ինչպես նաև քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Ընդգծվել է  Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլնի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր