Շիրակի մարզի Անի համայնքում ընտրությունները նորմալ են ընթանում: Այս մասին տեղակացրին թիվ 33 ԸԸՀ-ից: Շիրակի մարզի 19 բնակավայր միավորող, 21 հազար բնակչություն ունեցող Անի խոշորացված համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 918 է։
Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ Անիում ընտրությունները բավական ակտիվ են ընթանում՝ 17:00 դրությամբ ընտրության մասնակցել է ընտրողների ավելի քան 53 տոկոսը: Ամենաակտիվը Լանջիկ բնակավայրն է՝ 61 տոկոս:
Ընտրություններին մասնակցում է մեկ դաշինք և 3 կուսակցություն՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք, «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ համայնքում անցած տարվա սեպտեմբերի 26-ին կայացան ՏԻՄ ընտրություններ, սակայն իշխանություն այդպես էլ չձևավորվեց՝ ընտրություններում մասնակից ուժերը չկարողացան ո՛չ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ո՛չ էլ կոալիցիա ձևավորել, ինչի պատճառով, ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեցին Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը նշանակվեց Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը: