Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին նորածնի դիակի հայտանաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Irakanum.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին եւ հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա:
Հաղորդման առթիվ 2023թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում, ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա սոճենու ծառի տակ հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ: Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով:
Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ եւ կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:
Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ մարտի 20-ին՝ ժամը 15-ի սահմաններում, վորհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել եւ հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
Քրեական վարույթով օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու եւ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նաեւ՝ հարցումներ են ուղարկվել Կապանի, Գորիսի եւ Սիսիանի բժշկական կենտրոններ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու համար:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։