Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Հույս ունեմ, որ մի օր Արցախի ինքնորոշման հարցը կդրվի տարբեր ազգերի կողմից և արցախցիները կկարողանան իրենց ապագան կերտել իրենց ձեռքով»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամին՝ Աֆեյանը նշել է, որ այժմ անորոշ ապագան մեծ ճնշում է առաջացնում արցախահայության առօրյա կյանքում, որովհետև, եթե ապագայի հանդեպ վստահություն չկա, ապա ընտանիքները կարող են մտահոգվել:
Անդրադառնալով համաժողովի կարևորությանը՝ «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրը հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում իրատեսական ապագա ունենալու վերաբերյալ նոր գաղափարներ կծնվեն, որոնց իրագործմամբ կքայլեն առաջ:
«Սա քաղաքացիական հավաք է: Նախ, այս համաժողովից մենք ցանկանում ենք ստանալ գաղափարներ: Հայության մեջ այդքան էլ սովորություն չկա խոսելու ապագայի մասին, գաղափարներ փոխանցելու, որոշելու թե ո՞րն է ամենահաջող և իրատեսական ապագան: Այս համաժողովի ընթացքում պետք է հասկանանք այս հարցերի շուրջ որն է ժողովրդի կարծիքը և ըստ այդմ՝ քայլենք առաջ»,- շեշտել է համահիմնադիրը: