Մարտի 5–ին Արցախում ոստիկանական ավտոմեքենան գնդակոծելուց առաջ ադրբեջանցիները ճանապարհի երթևեկելի հատվածում քարեր են շարել, ինչի պատճառով մեքենան կանգ է առել։ Քարերի հետևից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի թվով 5 անդամներ՝ զինվորական հագուստով ու դիմակավորված, ինքնաձիգերով զինված, իսկ ինքնաձիգերի փողերը դեպի մեքենան ուղղված։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի զեկույցից։
«Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել ավտոմեքենան, սակայն նույն պահին ադրբեջանական դիվերսիոն խմբի նշյալ 5 անդամները՝ դիմացից, ինչպես նաև ճանապարհի աջ և ձախ հատվածում դարանակալած դիվերսիոն խմբի ևս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակահերթերը շարունակվել են մոտ 10 րոպե»,- նշել է է Արցախի ՄԻՊ-ը՝ արձանագրելով, որ առկա փաստերի համադրումը ցույց է տալիս, որ մեքենան ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից եփնթարկվել է կրակահերթերի՝ հիմնականում հրաձգային զինատեսակներից, մեքենայի արտաքին զննությունը ցույց է տալիս, որ դիվերսիոն խմբի կողմից մեքենայի ուղղությամբ հարյուրավոր գնդակներ են արձակվել։
«Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի և վարորդի մոտ նստած ուղևորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի սրահի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում ևս ուղևորներ կան»,- նշված է զեկույցում։
Ադրբեջանցիների՝ հետ քաշվելու ընթացքում Արցախի ՊԲ-ի՝ դեպքի վայրին մոտ գտնվող մարտական դիրքից բացված պատասխան կրակի հետևանքով ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ։ Նշվում է, որ ահաբեկչական հարձակումից 30-40 րոպե հետո միջադեպի վայր են ժամանել ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները եւ նրանց միջամտությամբ կրակը դադարեցվել է։ Խաղաղապահներն արձանագրել են, որ մեքենայի սկզբնամասում գտնվող անձինք մահացել են, իսկ ետնամասում գտնվող Ա. Գասպարյանը և Դ. Հովսեփյանը դեռևս ողջ են, նրանց տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։