Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չստանա:
Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է: Եվ մենք այս պայքարում որևէ կերպ մեր ջանքերը չենք թուլացնելու»,-ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից հրապարակած փաստերին, որոնք վերաբերում են կոռուպցիոն դրսևորումներին՝ վարչապետը վստահեցրեց, որ այդ փաստերով ևս հետաքրքրվում են իրավապահ մարմինները:
«Պետք է վստահեցնեմ, որ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանա: Բացառված է, որ լինի որևէ կոռուպցիոն դեպք ու այդ դեպքը պատշաճ մակարդակով քննության չառնվի»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ կոռուպցիան, առաջին հերթին, կապվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, դատական և այլ համակարգերի հետ: Վարչապետ ընդգծեց, որ իր դիրքորոշումը շարունակում է մնալ շատ հստակ՝ հանրային կառավարման ոլորտում, դատական համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացում տեղի ունենա:
«Չի կարող լինել, որ մենք մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք, որ պետական մարմինները թող որակյալ ծառայություններ մատուցեն ու ասենք, որ, օրինակ, նախարարություններում պետք է լինի 90 կամ 110 հազար դրամով աշխատող մասնագետ: Մյուս կողմից էլ ակնկալենք, որ գործերը արագ ու լավ որակով ընթանան: Այս առումով մենք 2018 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացրել ենք ու հիմա նոր ռազմավարության մշակման փուլում ենք գտնվում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի համոզմամբ՝ ամենամեծ խնդիրը քրեական մտածողությունն է, կոռուպցիայի, հանցավորության համար քրեական մտածողությունից ավելի պարարտ հող ուղղակի չկա: «Մենք քրեական մտածելակերպից պետք է անցում կատարենք օրենքի վրա հիմնված հարաբերություններ»,-եզրափակեց վարչապետը: