Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
«Ի՞նչ են առավոտից երեկո ավետում Հայաստանի այսպես կոչված տնտեսական բլոկի պատասխանատուները, կամ առհասարակ՝ քաղաքական իշխանությունը։ Առավոտից երեկո հայտարարում են դեպի Եվրամիություն արտահանման բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին։ Այդ քարոզչությանը միանում են նաեւ «տիկնայք փափկասուն Եվրամիության»՝ Կայա Կալլասը, Մարթա Կոսը, տիկին Ուրսուլան։
Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջոթյամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում գործնականում։ Գործնականում, Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է դրամի արժեվորումը, այդ թվում եվրոյի նկատմամբ։ Ավելին, վերջին շաբաթներին եվրոն Հայաստանում արժեզրկվել է էապես։
Իսկ ֆինանսական ո՞ր քաղաքականությունն է նպաստում արտահանմանը։ Արտահանմանը նպաստում է դրամի արժեզրկումը, ոչ թե արժեվորումը։ Երբ դրամն արժեվորվում է, այդ թվում եվրոյի նկատմամբ, այդ թվում բավականին արագ տեմպով, դա Հայաստանի արտահանողի համար «թանկացնում» է արտահանումը, այսպես ասած՝ անուղղակի, բայց բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը։
Այդպիսով, քարոզչական դաշտում մենք ունենք ԵՄ արտահանման «դրախտի» մասին երդումներ, իսկ գործնական դաշտում՝ ունենք արտահանման համար էական բաղադրիչի հարցում աննպաստ զարգացում՝ դրամի էական արժեվորում եվրոյի նկատմամբ։ Իսկ ինչո՞ւ։ Միարժեք իհարկե բարդ է ասել, բայց թերեւս՝ գնաճ զսպելու համար։ Հայաստանում առանց այդ էլ բարձր գնաճ է եւ դրամի արժեվորումով հարվածում են տնտեսությանը, միայն թե պահեն գնաճը, որ հարված չլինի իրենց վարկանիշին։ Որովհետեւ տնտեսությանը հարվածը՝ արժեվորման տեմպով, հանրության համար կզգացվի զգալի ուշ, հետն էլ կավելացնեն արտաքին պարտքն ու յոլա կգնան, իսկ ահա գնաճի պարագայում բնակչությունը կզգա անմիջապես՝ իր գրպանին հարվածով։ Հետեւաբար նախընտրում են տնտեսական իմաստով «դանդաղ թույնը»»։