00:00:00

ԼՂ-ն առնվազն դե ֆակտո ճանաչվել է եւ Ադրբեջանի, եւ միջազգային հանրության կողմից. Վարդան Պողոսյան

13:06, 24 փետրվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Երբ մենք խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, չպետք է մոռանանք, որ անկախության ձեռքբերման հիմքերից Արցախն արդեն իսկ գոյություն ունի որպես պետություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Քաղաքական գիտությունների մագիստրոս Բոննի համալսարանից, իրավաբան Վարդան Պողոսյանը:

«Պատկերավոր ասած, եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը ոչ միջազգային իրավունքում, որ ԽՍՀՄ իրավունքում, միեւնույն է, պետությունը, երբ առաջանում է, դա պատմական փաստ է: Թե ինչ հիմքով է պետությունն առաջացել՝ հենվելով ինչ-որ իրավունքի վրա, թե քաղաքացիական պատերազմի միջոցով, թե հեղափոխության միջոցով, եւ այլն, դա երկրորդական է: Միջազգային իրավունքն ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն միայն ելնելով այն բանից, թե արդյոք պետության հատկանիշներն առկա են, թե ոչ: Իհարկե, կան որոշակի բացառություններ այդ կանոնից:

Այդ առումով իմ առաջարկը հետեւյալն է. ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ Արցախի անկախությունը: Արցախն արդեն առնվազն 30 տարուց ավելի անկախ պետություն է՝ անկախ իր միջազգային իրավական ճանաչումից:  Այն բավարարում է միջազգային իրավունքումպետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին»,-ասաց նա:

Վարդան Պողոսյանի խոսքով, Արցախը սահմանադրական ճանապարհով դեռեւս մինչեւ ԽՍՀՄ փլուզումը հասավ նրան, որ ինքն այլեւս Ադրբեջանական ԽՍՀ մաս չէր: Այսինքն 1991-ից հետո Արցախը անկախ պետություն է, որն իրականացվել է եւ խորհրդային օրենսդրությանը, եւ միջազգային իրավունքին համապատասխան: Նա նկատեց, որ 1991-ին, երբ Արցախն անկախացել էր, դեռեւս գոյություն չուներ անկախ Ադրբեջանը, որից անջատվել էր Արցախը: Արցախը անջատվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից:

«Որոնք են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի կազմավորումը, որը հավակնում է լինել պետություն: Այդ չափանիշները դասական են ու անվիճելի են: Պետությունը պետք է ունենա հետեւյալ հատկանիշները. Մշտական բնակչություն, սահմանված տարածք, կառավարություն եւ որպես լրացուցիչ հատկանիշ՝ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:

«Եթե տվյալ պետության ստեղծումն իրականացվել է միջազգային իրավունքի պարտադիր հիմնարար սկզբունքների խախտմամբ, իսկ դրանց մեջ ամենաառաջնայինը ուժի կիրառումն է, ապա այդ պարագայում պետությունները նույնիսկ պարտավորություն ունեն չճանաչելու տվյալ փաստը, որ կա նման պետություն: ՄԱԿ-ի ԱԽ-ն  նման բանաձեւ ընդունել է Հյուսիային Կիպրոսի թուրքական հանրապետության վերաբերյալ, քանի որ այդ կազմավորման հռչակումը Թուրքիայի կողմից ագրեսիայի արդյունք է: Կա միայն այդ բացառությունը: Արցախին վերաբերող ՄԱԿ-ի 4 բանաձեւերում նշույլ անգմ չկա այն մասին, որ ԼՂՀ-ն ապօրինի կառույց է, որ ագրեսիայի հետեւանքով է այն ստեղծվել, որ կա չճանաչման պարտավորություն: Ակնհայտորեն, ՄԱԿ-ի յդ բանաձեւերը ելնելում են նրանից, որ դե ֆակտո կա իշխանություն ԼՂ-ում, որն արդյունավետ իրականացնում է իրիշխանությունը տարածքի նկատմամբ, ռազմական հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ եւ ակնհայտորեն այդ բանաձեւերում ամրագրված է, որ տեղական ուժերն են գրավել այս կամ այն տարածքը եւ կոչ է արվում Հայաստանին, որ օգտագործի իր ազդեցությունն այդ տեղական ուժերի նկատմամբ՝ դուրս բերելու այդ ուժերը Ադրբեջանի տարածքից: Նույնիսկ օգտագործվում է օկուպացված տարածք արտահայտությունը: Եթե ՄԱԿ-ն ընդունում է, որ Ադրբեջանի տարածքը գրավել են Ղարաբաղի ուժերը, օկուպացիոն ուժ կարող է լինել միայն պետությունը: 1993-ին որեւէ խոսք միջազգային որեւէ կառույցի կողմից չի եղել այն մասին, որ ռազմական գործողությունները ոչ թե ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ են, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի.,-հայտարարեց Վարդան Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ նաեւ եվրոպական համայնքը 1992-ի հունիսին ողջունում էր, որ կոնֆլիկտի կողմերը  համաձայնության են եկել զինադադարի եւ հատկապես ողջունում էին ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանի ջանքերը, որ նրա խորհրդով ԼՂ իշխանությունները համաձայնություն են տվել այդ պլանին:

«Ակնհայտ է, որ Արցախի սուբյեկտայնությունից էր ելնում նաեւ Մինսկի խմբի գործունեությունը: Բոլոր ռաջարկվող տարբերակներում միշտ վերջնական փուլում առաջարկ է եղել, որ պայմանագրի ստորագրման համար լինի նաեւ ԼՂ-ն: Սա վկայում է, որ ԼՂ-ն առնվազն դե ֆակտո ճանաչվել է եւ Ադրբեջանի, եւ միջազգային հանրության կողմից: Նույն Ադրբեջանը 1993-ին նույսիկ օգտագործել է ԼՂՀ արտահայտությունը: 1993-ի սեպտեմբերի 3-ին հայր Ալիեւը ստորագրում է լիոզորություն այն ժամանակվա Միլի Մեջլիսի նախագահին, որ կազմակերպի բարձր մակարդակի հանդիպում Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ:

1993-ի օգոստոսին Ադրբեջանի ՊՆ նախարարն ու Արցախի ՊՆ նախարարը՝ Սերժ Սարգսյանը, ստորագրում են լոկալ հրադադարի  պայմնագիր: Այդ փաստաթուղթը կա: Այսինքն ԼՂ սուբյեկտայնությունը ընդունվել է Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց իրավբանը:

Նա հայտարարեց, որ օդի մեջ կախված պնդումներ են, թե Արցախը Ադրբեջանի մաս է. «Ադրբեջանը չունի որեւէ իրավական տիտղոս Արցախի նկատմամբ: Ադրբեջանի նարատիվը բավական բարդ է, իրենք մինչեւ հիմա չեն կարողանում ասել, թե իրենք ովքեր են. իրենք 1918-1920 թթ հանրապետության իրավահաջո՞րդն են, ինչպես գրել են անկախության հռչակագրում, թե՞ իրենց դիտարկում են խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ պետություն:

1991-ի հոկտեմբերին, երբ Ադրբեջանն ընդունեց Ադրբեջանի անկխության վերականգման մասին ակտը, դրանից առաջ ԼՂ-ն արդեն ինքնորոշվել էր եւ իրեն հռչակել ԼՂՀ:

Մենք ականատեսն ենք այն իրողության, որ ՀՀ իշխանություններն ավելի ադրբեջանական ու թուրքական դիրքորոշումներ են ցուցաբերում այս հարցում, քան հենց ադրբեջանցիները: 1991-ի Ալմաթիի հռչակագիրը ադրբեջանական նարատիվ է, բայց դա շրջանառության մեջ մտցրեց Հայաստանի վարչապետը: Այս ամենն արվում է այն «հիմնավորվամբ», որ մենք թույլ ենք, չենք կարող պաշտպանվել եւ պետք է հրաժարվենք մի մասից, որ պահենք ամբողջը: Այդպես չի լինում: Եթե մենք պետություն ենք, պետք է կարողանանք մեզ պաշտպանել, եթե պետությունն իրեն չի պաշտպանում, ոչ ոք իրեն  չի պաշտպանելու: Հետեւաբար Արցախի ճակատագիրը բոլորիս ճակատագիրն է, եւ մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք պահպանել Հայաստանը, Արցախի Հանրապետությունը եւ հասնենք նրան, որ Արցախը մնա անկախ եւ լինի անվտանգ պետություն»,-իր խոսքն ամփոփեց Պողոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր