Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առաջ շարժվել քաղաքական դաշտում։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյան Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։
«Երբ որոշում կայացրեցինք մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել Թուրքիա, մենք մտածում էինք միայն մարդասիրական դրդապատճառների մասին, բայց ընթացքում տեսանք Թուրքիայի դրական արձագանքը, և եթե դա դրական քաղաքական արդյունքներ ունենա, ավելի լավ։ Բայց մեր սկզբնական նախաձեռնությունը բացառապես մարդասիրական էր»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից միլիոնավոր մարդիկ են տուժում, և Հայաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Թուրքիային։
Նա հավելեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ընթացքում որոշ քաղաքական պայմանավորվածությունն են ձեռք բերվել։ «Մենք պատրաստ ենք առաջ շարժվել, որովհետև հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը դրական կլինեն ոչ միայն մեր տարածաշրջանում զարգացումների համար, այլ նաև միջազգային իրավիճակի համար»,-եզրափակեց Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ «Արդեն 70 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, և, դժբախտաբար, մենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ունենք։ Ինչպես նաև այնտեղ էներգետիկ ճգնաժամ կա, որովհետև խաթարված են էլեկտրականության, ինչպես նաև գազի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Վերջին 70 օրերի ընթացքում 10 անգամ խաթարվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Սա խնդիր է, որը պետք է հասցեագրվի»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ հստակ կարգավորումներ են տրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և ՌԴ խաղաղապահների պարտականությունն է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, բայց հիմա բացարձակապես հակառակ իրավիճակն է։
Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է խիստ ուշադրության կենտրոնում պահի այս իրավիճակը, որովհետև դրա շարունակվելու դեպքում անշրջելի մարդասիրական հետևանքներ կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։