00:00:00

Արթիկում աղբահանությունը՝ բիզնես․ ովքեր են թալանում քաղաքը

19:59, 29 հունվար 2023 Քաղաքականություն

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի հետհեղափոխական քաղաքային իշխանությունը որդեգրելով նախկիններից ժառանգություն մնացած բարքերը, փորձում է ԽԾԲ սկզբունքով  կառավարել Արթիկում ու փողերի լվացմամբ զբաղվել:

Բանն այն է, որ Արթիկ համայնքի կենցաղային աղբի հավաքման գործընացը  կազմակերպելու համար, հայտարարվել է մրցույթ՝ առաջին անգամ 06.12.2022 թվականին՝ 57 մլն. դրամով,որին սակայն ոչ ոք չի մասնակցել: Արթիկի համայնքապետարանի մեր աղբյուրի պնդմամբ, դա արվել է դիտավորյալ, Արթիկ քաղաքի բնակիչ Ներսիկ Չարչյանի և Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի միջև տեղի է ունենում խոսակցություն․ «Ոչ-ոք չի մասնակցել,  նորից մրցույթ հայտարարեք, գումարը բարձրացրեք ՝ 60 մլն.»: Այդպես էլ արվում է, հայտարարվում է երկրորդ մրցույթը՝ 22.12.2022 թվականին, որին արդեն Ներսիկ Չարչյանի «Շինարար-Նարե» ՍՊԸ-ից բացի մասնակցում են ևս 2 կազմակերպություն, Չարչյանը ստիպված է լինում հայտարարված մրցույթը  հաղթելու  համար գումարը իջեցնել հասցնելով 51 մլն․ դրամի: Եվ այս ամենը տեղի է ունենում Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ՝ Անանիկ Ոսկանյանի անմիջական գլխավորությամբ և մասնակցությամբ, որը հարմար տեղավորվելով ՔՊ-ի հովանու ներքո և իր խմբակով զբաղված է թալանով: Այն դեպքում, երբ ՔՊ-ի վերնախավը պատեհ և անպատեհ առիթներով  նշում է, որ ժողովրդից թալանածը պետք է վերադարձնել ժողովրդին, կամ մեկ այլ խոսույթ, որ կոռուպցիան ավերում  է երկիրը:

Կապ հաստատեցինք «Շինարար Նարե» ՍՊԸ-ի տնօրեն Ներսիկ Չարչյանի հետ, վերը նշված տեղեկության իսկությունը ճշտելու  համար,  որը  և ինչպես   սպասելի էր կտրականապես հերքեց, նշելով որ․ «Առաջին անգամ չեմ մասնակցել, որովհետև գրավի հետ կապված խնդիր եմ ունեցել, երկրորդին արդեն գիտեի ինչ եմ գրավ դնելու և փաստաթղթերն էլ ամբողջը պատրաստ էին, մասնակցեցի՝ հաղթեցի»։

Անանիկ Ոսկանյանն իր հերթին ևս հերքեց, նշելով, որ ընդամենը տեղյակ է, որ մեկ անգամ մրցույթը չի կայացել և հայտարարվել  է երկրորդը, առավել մանրամասն տեղեկությունների համար կապվենք համապատասխան բաժին։

Անդրադառնալով Ներսիկ Չարչյանին, նշենք, որ  նրա որդիները՝ Արկադի և Էդգար Չարչյանները 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ողջ ներուժով լծված էին ընդդիմադիր  «Հայաստան» դաշինքի շահերը սպասարկելուն և հանդիսանում էին դաշինքի Արթիկի պատասխանատուները: Չարչյանին ուղղված այն հարցին, թե Անանիկ Ոսկանյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է, նշեց, որ լավ․ «Ես բոլոր քաղաքապետների հետ էլ լավ եմ եղել, Արթիկի 80 տոկոսի հետ էլ մտերմություն ունեմ, եթե թեկնածություն էլ դնեմ՝ կանցնեմ»։ Եվ, այո՛, պարոն Չարչյանը չի ստում օրինակ, ներկայիս քաղաքապետի հետ այնքան մտերիմ է, որ իր ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը Անանիկ Ոսկանյանի հետ ջերմ լուսանկար է։

Հատկանշական է նաև այն, որ Չարչյանը մեզ հետ զրույցում հորդորում էր քաղաքական թեմաներ չշահարկել և, որ ինքը երբևէ որևէ քաղաքական թիմի չի անդամակցել  կամ քաղաքականությամբ չի զբաղվել, բայց մեզ հայտնի են բազմաթիվ դեպքեր, որ Չարչյանը փորձել է մուտք գործել քաղաքական ասպարեզ , բայց  անգամ ավագանու անդամի համար անհրաժեշտ ձայների շեմը չի կարողացել հաղթահարել։

Այսքանով իհարկե չի սահմանափակվում Արթիկում տիրող իրավիճակը: Ներսիկ Չարչյանի ընկերությանը պատկանող աղբի մեքենայի վարորդներից մեկը այն վարում է առանց վարորդական իրավունքի վկայականի: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն «Շինարար-Նարե» ընկերության աշխատակիցների մեծ մասը  գրանցված չեն, բանվորներն ու վարորդներն էլ գումարը ստանում են կանխիկ եղանակով: Այս մասով ևս պարզաբանում խնդրեցինք Ներսիկ Չարչյանից, նախ հետաքրքրվելով, թե քանի՞ աշխատակից ունի, վերջինս նշեց, որ 9-ը, իսկ այն ճշտող հարցին, թե քանի՞սն են գրանցված վստահաբար նշեց՝ բոլորը։

Մեզ հասած այն տեղեկությունը, որ տնօրենը նաև վատ է վերաբերվում իր աշխատակիցներին և շահագործում  է, Չարչյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում իրեն հատուկ ձևով հերքեց․ «Ես իմ աշխատողներին բացի  ջան ու ղուրբանից ուրիշ բան չեմ ըսե։ Կամ ի՞նչ դժգոհելու մասին է խոսքը, էդ ի՞նչ մէ երևելի գործըմ է օր իրանց էրածը, զիբիլ  չե՞ն հավաքե»։

Արթիկի համայնքապետի հետ զրույցում այս հարցը ևս բարձրացրինք, հարցնելով տեղյա՞կ է արդյոք ինչպես է վերաբերվում Չարչյանն իր աշխատակիցներին, նա նշեց, որ դա իր ՊՈԱԿ-ը չէ, որ տեղեկացված լինի, բայց և արդարության համար նշենք, որ խոստացավ  հետամուտ լինել և շտկել թերությունները։

Անանիկ Ոսկանյանին վերագրվող կոռուպցիոն ռիսկերն այսքանով չեն սահմանափակվում։ Մեզ հայտնեցին, որ Ոսկանյանը որոշել է իրեն թույլ տալ շքեղություններ և չբավարարվել միայն կենցաղային աղբի մաքրման աշխատանքներից եկած գումարներով, այլև իրենով անել նաև ժամանակին Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի կողմից ստեղծված քաղաքապետարանին կից ՀՈԱԿ-ի գումարները, որը զբաղվել է իբրև թե քաղաքի սանմաքրման աշխատանքներով ու բարեկարգմամբ, որի համար բավական մեծ գումարներ է դուրս գրվել, սակայն այդ աշխատանքների արդյունքը երբևէ չի երևացել:

Այդ ՀՈԱԿ-ի ղեկավարմամբ երկար տարիներ զբաղվել է Ալեքսան Աբրահամյանը(Գոջո), որը ստացել է 160000 ՀՀ դրամ աշխատավարձ, սակայն միայն վերջերս Անանիկ Ոսկանյանը նրան փոխարինում է Ցոլակ Հովհաննիսյանով, որը առավել հայտնի է բաշգեղցի Ցոլո անվամբ, և որը հանդիսանում է Ոսկանյանի աջ ձեռքը, իսկ Ալեքսան Աբրահամյանին տեղափոխում է համայնքապետարան, որպես իրեն խորհրդական: Նշենք, որ Ցոլակ Հովհաննիսյանի ՀՈԱԿ-ի տնօրինությունը ստանձնելուց հետո աշխատավարձը կայծակնային արագությամբ բարձրանում և դառնում է 325000 դրամ  որքան, որ խորհրդականի պաշտոնում է:

 Բաշգեղցի Ցոլոյի աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվում, պարզվում է Արթիկի համայնաքապետարանում բազմաֆունկցիոնալ անձինք են աշխատում, որոնք հասցնում են ամեն բան: Ըստ մեզ հասած տեղեկությունների  Ցոլակ Հովհաննիսյանը նաև անմիջական միջամտություն ունի Ներսիկ Չարչյանի հիմնարկի տնօրինման գործերում։ Քանի որ Արթիկ համայնքի կենցաղային աղբի հավաքման մրցույթը քիչ գումարով են հաղթել  և իրենց եկող եկամուտը ցածր է, որոշել են ՀՈԱԿ-ն էլ իրենցով անել  ու փողեր լվանալ: Այս տեղեկությունը ևս երկուստեք՝ Ոսկանյանը և Չարչյանը հերքեցին, միաբերան նշելով, որ փորձ է արվում խոչընդոտել իրենց աշխատանքը և անգամ տեղյակ են, թե ովքեր կարող են լինել այդ խոսակցություններ տարածողները։ Ստացվում է, որ Անանիկ Ոսկանյանն իր թիմի հետ միասին թույլ է տալիս  պաշտոնեական անփություն և անբարեխիղճ կերպով ղեկավարում է Արթիկ քաղաքը, որն իր մեջ ներառում է ևս 24 համայնք:

Հրավիրում ենք, իրավապահ մարմինների ուշադրությունն Արթիկ համայնքում ստեղծված իրավիճակին, իսկ  մենք հետամուտ ենք լինելու այնքան ժամանակ մինչ խնդրին պատշաճ լուծում չտրվի։

Մերի Մանուկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր