00:00:00

«Լոբբինգի» հարց չի եղել․ ՔՊ-ական պատգամավորը՝ Շիրակի նորանշանակ մարզպետի ու հեռացողի հետ հարաբերությունների մասին

19:51, 26 հունվար 2023 Քաղաքականություն

Երեկ Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Նազելի Բաղդասարյանի փոխարեն, այսօր կառավարությունը Շիրակի մարզում նոր մարզպետ նշանակեց։ Այդ պաշտոնում նշանակվել է Մուշեղ Մուրադյանը։ Մուրադյանն «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն Մուշեղ Մուրադյանը համարվում է գյումրեցի ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Էմմա Պալյանի մտերիմը ու վերջիններս են զբաղված եղել նրա «լոբբինգով»։

Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն ասաց․ «Ես ինքս Մուշեղ Մուրադյանին ճանաչում եմ և նրա հետ շփվել եմ 2018 թվականից սկսած, երբ հեղափոխությունից հետո մարզպետարանում զբաղեցնում էի մարզպետի օգնականի պաշտոնը։ Այդ ժամանակ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի աուդիտի բաժնի պետն էր։ Դեռ այդ ժամանակ ես տպավորված էի պարոն Մուրադյանի աշխատանքով, նա իր ոլորտի լավագույն մասնագետներից է»։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Կարեն Սարուխանյանն էր Շիրակի մարզպետը։ «Մուշեղ Մուրադյանին ճանաչողները կփաստեն, որ «Արփի լիճ» ազգային պարկը» նրա ղեկավարման ժամանակ օր- օրի ծաղկել է, զարգացել է, և դրա մասին խոսում են մարդկանց հոսքերը, ովքեր գալով մեր մարզ, շտապում են «Արփի լիճ»»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը, հավելելով, որ կատարված աշխատանքն ակնառու է։ Նրա խոսքով՝ արդեն մարզպետ նշանակված Մուրադյանը մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, որը խիստ կարևոր հատկանիշ է՝ նրան նման բարձր պաշտոն վստահելու համար։ Անդրադառնալով մեր հարցի այն հատվածին, թե ինքն ու Կարեն Սարուխանյանն են նրա համար բարեխոսել, Էմմա Պալյանն ասաց․ «Մարզպետ նշանակելու իրավասությունը կառավարությանն է, ես կարող եմ միայն ասել, որ պարոն Մուրադյանի թեկնածությունը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և բնականաբար մազից ընտրված պատգմավորները իրենց կարծիքը հայտնել են, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր անձի մասին, եթե մենք դրական կարծիք հայտնեինք և այդ մարդը չունենար համապատասխան գիտելիքներ, արժեքներ նա կնշանակվեր։ Մուշեղ Մուրադյանն այսուհետ Շիրակի մարզպետն է, և չի լինելու, իմ կամ Կարեն Սարուխանյանի մարզպետը»։

Պատգամավորը նշեց, վստահ է՝ համատեղ աշխատանքի շնորհիվ նորանշանակ մարզպետը հաջողելու է։ «Գործադիր և օրենսդիր իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել միայն զգալի արդյունքների։ Պարոն Մուրադյանը պատրաստակամ է աշխատելու բոլոր նրանց հետ, ովքեր ունակ են առկա մարտահրավերներն ու խնդիրները լուծել»,- ասաց պատգամավորը։ Նա ասաց, որ դրական կարծիք է հայտնել Մուշեղ Մուրադյանի մասին, քանի, որ տեսել է նրա կատարած աշխատանքը։ Միաժամանակ Պալյանն ասաց, որ վերջնական որոշումն եղել է կառավարությանն ու կուսակցության վարչությանը, բայց ինքն ուրախ է, որ նրա թեկնածությունն է ընտրվել։ Մեր հարցին, թե կան տեղեկություններ, որ Մուշեղ Մուրադյանը լինելով Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն հասցրել է լճի տարածքի հողատարածքները սեփականացնել, ապա Էմմա Պալյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի։

«Բայց ես ավելի քան վստահ եմ, որ զարտուղի, անօրինական ճանապարհներով ձեռք բերված հողատարածքների մասին խոսք լինել չի կարող։ Եթե նման բան կա, ապա այն իրավապահների տիրույթում է, բայց կրկնում եմ, չեմ կարծում, որ պարոն Մուրադյանը երբևէ նման գործարքների կգնար»։ Ինչ վերաբերում է Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի և իրենց հարաբերություններին, ապա պատգամավորն ասաց, որ ՔՊ-ում առհասարակ թևեր չկան։

Նշենք, որ տեղեկությունների համաձայն լարված են ձեր և Նազելի Բաղդասարյանի հարաբերությունները։ «Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են մեր կուսակցությունը բաժանել թևերի, ապա նրանք չարաչար սխալվում են։ Տիկին Բաղդասարյանի հետ ես ունեմ գործընկերկային հարաբերություններ, չկա որեւէ լարվածություն, նա շարունակելու է մնալ կուսակցական ընկերը, տիկին Բաղդասարյանին մաղթում են նորանոր հաջողություններ»,- ասաց Էմմա Պալյանը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր