00:00:00

Կատարում Ալեն Սիմոնյանը և Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին

14:25, 25 հունվար 2023 Քաղաքականություն

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին՝ հայտնում են Ազգային ժողովից։

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: Նրա խոսքով համագործակցության մեծ հնարավորություն կա մշակույթի, առողջապահության եւ կրթության ոլորտներում, որոնք էլ Կատարի Զարգացման հիմնադրամի գերակա ռազմավարական ճյուղերն են:

Անդրադառնալով գիտակրթական, մշակույթի ոլորտում փոխգործակցության հեռանկարին` ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ եւ փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել:

Հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարեւորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը եւ կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:

«Հայաստանում սպասում ենք Կատարի Պետության Էմիր, Նորին մեծություն շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թհանիի պատմական այցելությանը: Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող կարեւոր օղակների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր