Հայաստանի իշխանությունները միշտ իրենց պարտականությունները դնում են Ռուսաստանի Դաշնության վրա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 20-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ հենց ներկա իշխանությունն է ապահովել Քաշաթաղի եւ Լաչինի ճանապարհի հանձնումը։ «Հենց ձեր իշխանությունն է հանձն առել լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Հիմա դուք եկել եք այստեղ եւ նոտացիաներ եք կարդում, թե, իբր, գնացեք եւ պահանջեք ռուսներից։ Ռուսներից էլ կպահանջենք, բայց դուք առաջինն եք, որ պետք է պատասխանատվություն կրեք այս ամենի համար։ Չէ՞ որ Հայաստանի կառավարությունն է երկիրը հասցրել այս վիճակին»,- ասել է Մինասյանը։