Վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պաշտոնյաների անուններ տվեց, որոնք այս օրերին չեն կատարում իրենց պարտականությունները։
«Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին, կամ էլ այնպիսի բաներ են անում, որոնք անընդունելի են։ Ամոթ է»,- ասաց Վարդանյանը և խոսեց Արմեն Ասլանյանի մասին:
«Զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել, Արմեն Ասլանյանը չի հասկանում, որ ինքը պետք է կատարի իր գործն այնպես, ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձեւ չի լինելու։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց նաև՝ երկու օր է՝ Ծովատեղ համայնքում հաց չկա, վարչական ղեկավարի՝ Աբրահամյան Սամվելի, անտարբերության հետեւանքով համայնքում հարցը չէր լուծվում։
«Ինքն այդ մասին ոչ մեկին չէր ասել, մենք այլ տեղից ենք իմացել»,– ասաց Ռուբեն Վարդանյանը։