Aravot.am-ի տեղեկություններով, Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը (լուսանկարում), դեկտեմբերի 7-ի գիշերը, ժամը 00.44-ի սահմաններում փորձել է վրեժ լուծել։
Նա իր «ԲՄՎ» մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով` բացել է բակ մտնող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանենց տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար։
Այս մասին զեկուցագիր է ներկայացրել կասկածյալի տան դիմաց հսկողություն իրականացնող ՀՈԲ ավագ տեսուչ Ալեքսանյանը։ Դեպքը կատարվել է նրա ծառայության ընթացքում։ Սևակ Մելիքսեթյանի գործողությունները կանխվել են ծառայություն կատարող ոստիկանների կողմից:
Դեպքի վայր է մեկնել է Արթիկի ոստիկանապետ Ադամյանը՝ օպերատիվ խմբով, Սևակ Մելիքսեթյանի մոտից կացինը վերցրել են։ Տուժած ընտանիքի հայրն ազատ է արձակվել: Ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի մայրը` Նազիկ Վռամի Մակարյանը, հրաժարվել է հաղորդում տալուց՝ հայտնելով, որ իրեն գույքային վնաս չի պատճառվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: Հիշեցնենք, որ ահասարսուռ սպանության մեջ մեղադրվում են Վրույր Բարսեղյանը և նրա ազգական Արկադի Բարսեղյանը։ Արկադի Բարսեղյանը, սակայն իր մեղքը չի ընդունում, նրա պաշտպան Վլադիմիր Մինասյանի տեղեկացմամբ, բողոքարկել են նրա` խափանման միջոց կալանավորման որոշումը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ