Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում հվանություն տվեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Այս նախագծով առաջարկվում է հանել Հանձնաժողովի կողմից կուսակցությունների հաշվետվությունների ստուգման արդյունքում պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հիմքերի առկայության կամ բացակայության մասին Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու և այդ որոշման արդյունքում կուսակցությանը կողմից հաշվետու տարում նախատեսված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ է կատարելու հետևանքով ֆինանսավորումը ամբողջությամբ կամ մասամբ չտրամադրվելու վերաբերյալ դրույթները։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև 2022 թվականի համար կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումը՝ առանց սահմանված պայմանների:
Նախագծով ներկայացված իրավակարգավորումները, սակայն, նպատակ չեն հետապնդում առհասարակ վերացնել Հանձնաժողովի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման և դրանց արդյունքներով համապատասխան որոշումների կայացման լիազորությունը, այլ նպատակ է հետապնդում ապահովել հետագայում այդ լիազորության առավել արդյունավետ կիրառումը:
Արդյունքում, ակնկալվում է, որպեսզի 2023 թվականին ներկայացվելիք կուսակցությունների տարեկան հաշվետվություններին օրենքով ներկայացվող պահանջները լինեն կանխատեսելի, բխեն իրավական որոշակիության սկզբունքից և ապահովեն օրենքով հետապնդվող բուն նպատակի իրականացումը: