00:00:00

Կամավոր պարտավորություն․ 28 համայնք խոստացել է կրճատել СО2 արտանետումները

19:45, 02 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի 28 համայնք հանձն է առել  մինչեւ  2030 թվականը առնվազն 30  տոկոսով  կրճատել ածխաթթու գազի (СО2) արտանետումները։ Նրանք այդ հանձնառությունը ստանձնել են՝  կամավոր միանալով «Քաղաքապետերին դաշնագիր Արեւելք» ծրագրին։ Նրանք, ովքեր նախաձեռնությանը նոր են պատրաստվում միանալ, արդեն իսկ կունենան  ջերմոցային գազերի արտանետումները  35 տոկոսով կրճատելու պարտավորություն։ 

Համայնքներն իրենք են որոշում՝ կոնկրետ ինչ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝  նախաձեռնությանը միանալուց հետո երկու տարվա  ընթացքում մշակելով եւ ներկայացնելով  ռազմավարական գործողությունների ծրագիր։ Ովքեր չեն ներկայացնում, նրանց անդամակցությունը կասեցվում է։ Հայաստանում 14 այդպիսի համայնք կա։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրով   համայնքներին  գումար չի տրամադրվում։ «Մենք սովորեցնում ենք՝ ինչպես ձուկ բռնել։ Եթե մենք չենք սովորեցնում դա նրանց, նրանք ուղղակի միշտ ֆինանսական աջակցության կսպասեն»,-ասում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար պարոն Քրիստոֆ Ֆրերինգը։ 

 

 

Ծրագիրը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, իսկ խորհրդատվության շնորհիվ ստորագրող քաղաքների համար բացվում են թիրախավորված աջակցության ու կարողությունների զարգացման հնարավորություններ։

«Մենք  տարածաշրջանում ցանկանում ենք ունենալ  համայնքային էներգետիկ լավ ծրագրեր»,- ասում է Քրիստոֆ Ֆրերինգը ՝ բացատրելով՝ լավն այս դեպքում միայն գեղեցիկ շարադրանքը  չէ, այլեւ այն ծրագիրը, որի համար ֆինանսական կառույցները գումար կտան։

 

 

 

 «Քաղաքապետերի դաշնագիր Արեւելք»-ին 2016թ-ից միացած Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն  նշում է՝  նախատեսում են առաջիկայում 10 էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերել։  Դրանք կշագործվեն արեւային պանելների միջոցով ստացված էներգիայով։ Սուբվենցիոն ծրագրով այս տարի երեք շենք ջերմամեկուսացվել է։  Ձմռանն արդեն բնակիչները կզգան տարբերությունը եւ 30-50 տոկոսով ավելի քիչ գումար կվճարեն կոմունալների համար,- ասում է նա։  Գյումրիում անելիքները դեռ շատ կան՝  անբարեկարգ  եւ չլուսավորված փողոցներ։ Դաշնագրին միացած լինելն ու ռազմավարական ծրագիր ունենալը օգնում է ավելի հեշտ գումար գտնել ՝  համայնքի խնդիրները լուծելու համար։

 

 

Ստեփանավանն այս տարի է դաշնագրին միացել։ Դեռեւս ռազմավարություն չունեն, բայց ունեն էներգետիկ մենեջեր․ այս փաստը համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը հպարտությամբ է ասում։   Հայաստանի շատ քիչ համայնքապետարաններում կա նման հաստիք։ Ըստ Արմեն  Գրիգորյանի՝ մենեջերն իր ներդրումը կունենա կարիքների բացահայտման եւ ծրագրի մշակման գործում՝ հստակ սահմանելով առաջնահերթությունները։

Արդյո՞ք էներգախնայողության ծրագրերը հաջողություն կունենան, եթե պարտավորությունը հստակ չամրագրիվի ազգային մակարդակով։

 «Տեղական իշխանությունները շատ ավելին կարող են անել: Օրինակ՝ լուսավորության համակարգը  փոխվում է ավելի էներգախնայողի․ սա տեղական իշխանությունների անմիջական աշխատանքն է։ Այն նաեւ  բյուջեի խնայողություն է»,- ասում է «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը։  Նրա գլխավորած միությունը «Քաղաքապետերի դաշնագիր Արեւելք» ծրագրի հայաստանյան գործընկերն է։

«ՔԴ-Արեւելք» ծրագրին   հայաստանյան  համայնքները միացել են տարբեր ժամանակահատվածներում։

«Մենք ունենք կոնկրետ համայնքներ, որոնք բավականին առաջ են։ Ռազմավարական ծրագիրը մշակվել է, հաստատվել է, փորձաքննության է ենթարկվել: ԵՄ ֆինանսական գործիքներով ֆինանսավորում են ստացել»,-ասում է նա։ Հաջողված ծրագրեր են իրականացվել Արթիկում, Սպիտակում, Ապարանում, Վայքում, Երեւանում։

Համայնքների խոշորացումը  չնախատեսված խնդիր է առաջ բերել․ «Փոխվել են եւ համայնքների ղեկավարները, եւ աշխատակազմերը,- ասում է պարոն Երիցյանը,-  Բուն ծրագրի  իրականացնողը աշխատակազմն է։ Խոշորացումից հետո ունենք համայնքներ, որտեղ   աշխատակազմը գրեթե հարյուր տոկոսով փոխվել է, դա կորցնում է ամբողջ ինստիտուցիոնալ հիշողությունը, հմտությունները, եւ այդ  ռիսկ է»։

 

 

Պատասխանելով հարցին՝  44-ամյա պատերազմն ինչպես ազդեց «ՔԴ-Արեւելք» նախաձենությանը միացած համայնքների ծրագրերի վրա, պարոն Երիցյանը նշեց՝ պատերազմը մոտիվացիան պիտի ուժեղացներ, եւ դրդեր վարքագծի փոփոխության։

Ըստ նրա՝ էներգախնայողությունը կարեւոր է բոլոր մակարդակներում՝ սահմանագծի կահավորումից մինչեւ գյուղատնտեսություն։ 

Ավելացնենք, որ  «Թբիլիսիում  նոյեմբերի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիումանց է կացվել  «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով բարձր մակարդակի համաժողով, որին մասնակցում էին նաեւ  «Ա1+»-ի զրուցակիցները։

 Հանուն Կլիմայի եւ Էներգախնայողության «ՔԴ՝ Արևելք» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին: Ծրագրի առաջին փուլը (2011-2015) տարածվել է ԱլԳ և ԿԱ (Կենտրոնական Ասիայի) տարածաշրջանի 11 երկրների վրա: Ծրագրի երկրորդ փուլը (2016-2020) ընդգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի  6 երկրները,  ներառյալ Հայաստանը։ Այս տարի տրվել է «ՔԴ՝ Արևելք» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը։ 

Ծրագրի ազգային համակարգողն է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագրի աջակիցն ու տեղական գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը, աջակիցներն են Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ու Էներգախնայողության աջակցության հիմնադրամը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր