Համաշխարհային տնտեսության հեռանկարներն ավելի մռայլ են, քան կանխատեսվում էին անցած ամիս, ասել են Արժույթի միջազգային հիմնադրամում՝ վկայակոչելով վերջին ամսին գնումների գծով մենեջերների հարցումների ցուցանիշների վատթարացումը։
ԱՄՀ-ն ավելի մռայլ կանխատեսման համար մեղադրել է դրամավարկային քաղաքականության խստացումը, որն առաջ է եկել կայուն բարձր գնաճով պայմանավորված, Չինաստանում աճի թույլ տեմպերը, ինչպես նաեւ պարենային անվտանգության բացակայությունը՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։
Ավելի վաղ ԱՄՀ-ն իջեցրել էր 2023թ. գլոբալ աճի կանխատեսումը՝ 2,7 տոկոս նախորդ 2,9 տոկոսից։
ԱՄՀ-ն Ինդոնեզիայում G20-ի ղեկավարների գագաթաժողովի համար պատրաստած բլոգում տեղեկացրել է, որ վերջին շրջանի ցուցանիշները «հաստատում են, որ հեռանկարներն ավելի մռայլ են», հատկապես Եվրոպայում։ Նշվել է, որ գնումների գծով մենեջերների վերջին ինդեքսները, որոնք չափում են արտադրության եւ ծառայությունների ոլորտների ակտիվությունը, ազդարարում են Քսանյակի խմբի խոշորագույն տնտեսությունների մեծ մասում նկատվող թուլության մասին, ընդ որում՝ տնտեսական ակտիվությունը նվազում է, իսկ գնաճը մնում է անփոփոխ բարձր։
G20-ի մի շարք երկրների ցուցանիշները նվազել են այս տարեսկզբից»,- նշել են ԱՄՀ-ում՝ ավելացնելով, որ գլոբալ ֆրագմենտացիան խորացրել է «բացասական ռիսկերի ընդհանրությունը»։
«Մարտահրավերները, որոնց բախվում է համաշխարհային տնտեսությունը, հսկայական են, եւ տնտեսական ցուցանիշների անկումը մատնանշում է հետագա խնդիրների մասին»,- ասել են ԱՄՀ-ում՝ ավելացնելով, որ ընթացիկ քաղաքական միջավայրը «անսովոր անկայուն է»։
Էներգետիկ ճգնաժամի խորացումը Եվրոպայում լուրջ վնաս կհասցնի տնտեսական աճին եւ կբարձրացնի գնաճը, այն դեպքում, երբ շարունակվող բարձր գնաճը կարող է հանգեցնել տոկոսադրույքների ավելի զգալի, քան սպասվում էր, բարձրացման եւ գլոբալ ֆինանսական պայմանների խստացման։ Դա, իր հերթին, «ստեղծել է պարտքի ճգնաժամի խորացման վտանգ խոցելի տնտեսությունների համար», ասել են ԱՄՀ-ում։
Դաժան եղանակային պայմանները նույնպես կվնասեն աճի տեմպերին ամբողջ աշխարհում։