00:00:00

Կլիմայի փոփոխությունը` գլոբալ առողջապահական սպառնալիք

11:58, 01 նոյեմբեր 2022 Հասարակություն

☀️🌧Միջազգային առաջատար գիտնականների, հասարակական գործիչների և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել էր կլիմայի փոփոխությունը, որը 21-րդ դարում աշխարհի առջև ծառացած ամենամեծ գլոբալ առողջապահական սպառնալիքն է, միևնույն ժամանակ այն առողջության սոցիալական և բնապահպանական որոշիչ գործոնները վերաիմաստավորելու ամենամեծ հնարավորությունն է:
Կլիմայական արտակարգ իրավիճակը հումանիտար և առողջապահական ճգնաժամ է։ Ծայրահեղ եղանակային իրադարձությունները, ջերմային սթրեսը, օդի որակի վատթարացումը, ջրի որակի և քանակի փոփոխությունները, սննդի անվտանգության նվազումը և շրջակա միջավայրի փոփոխությունները սպառնում են մեզ բոլորիս:
Քանի որ մոլորակը տաքանում է, կլիմայական ռիսկերը դառնում են ավելի բարդ, հաճախակի և անկանխատեսելի՝ սրելով առկա խոցելիությունն ու անհավասարությունը բնակչության շրջանում:
«Համաշխարհային առողջության վիճակը մեծապես կախված է հանածո վառելիքի կախվածությունից», ահա այսպիսի ահազանգող վերնագրով համատեղ վերլուծությամբ են վերջերս հանդես եկել ՄԱԿ անդամ երկրների մի շարք գիտնականներ, որոնք իրենց հրապարակմամբ զգուշացնում են, որ նավթից և գազից կախվածությունը վատթարացնում է կլիմայի ազդեցությունը և սրում սննդի, էներգիայի և կյանքի ծախսերի ճգնաժամերը:
Վերջերս հրապարակված վերլուծության տվյալները վկայում են շոգից, սովից և վարակիչ հիվանդություններից մահացությունների թվի աճի մասին, քանի որ կլիմայական ճգնաժամը գնալով ուժեղանում է, մինչդեռ կառավարությունները շարունակում են ավելի շատ սուբսիդիաներ տրամադրել հանածո վառելիքների արտադրությանը, քան գլոբալ տաքացման ազդեցությունը կրող աղքատ երկրներին:
«Կլիմայական արտակարգ դրությունը բարդացնում է սննդի, էներգիայի և կյանքի ծախսերի ճգնաժամերը»,-ասված է զեկույցում: Օրինակ՝ 2021թ. ծայրահեղ շոգի պատճառով աշխատանքային գրեթե կես տրիլիոն ժամի կորուստ է եղել։ Սա մեծ մասամբ ազդել է ավելի աղքատ երկրների գյուղատնտեսության ոլորտի վրա՝ կրճատելով սննդի մատակարարումները և եկամուտները:
✍️ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ Կլիմայական ճգնաժամը սպանում է մեզ.
«Այն խաթարում է ոչ միայն մեր մոլորակի, այլև մարդկության առողջությունը՝ օդի թունավոր աղտոտվածության, սննդի անվտանգության նվազման, վարակիչ հիվանդությունների բռնկման բարձր ռիսկերի, ռեկորդային ծայրահեղ շոգի, երաշտի, ջրհեղեղների և այլնի միջոցով: Մարդկանց առողջությունը, ապրուստի միջոցները, տնային տնտեսությունների բյուջեները և ազգային տնտեսությունները տուժում են, քանի որ հանածո վառելիքից կախվածությունը շարունակում է դուրս գալ վերահսկողությունից»:
Վերլուծությունը մատնանշում է առողջության և կլիմայի միջև փոխկապակցման 43 ցուցանիշ՝ ներառյալ ծայրահեղ շոգը: Պարզվել է, որ առավել խոցելի բնակչության՝ մինչև մեկ տարեկան երեխաների և 65-ից բարձր մեծահասակների մոտ, շոգից մահվան դեպքերը վերջին չորս տարիների ընթացքում աճել են 68%-ով՝ 2000-2004թթ. համեմատ:
Ջերմային տաք ալիքները ոչ միայն անհարմարավետություն են պատճառում, այլև մահացու են խոցելիության բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար: Ծայրահեղ շոգը նաև հանգեցրել է մարդկանց աշխատունակության նվազեցմանը, որի արդյունքում 2021թ. գրանցվել է 470 միլիարդ աշխատաժամանակի կորուստ:
Այս ազդեցություններն իրենց հերթին հանգեցնում են սովի ցուցանիշի աճի, որի ապացույցն այն է, որ 2020թ. ծայրահեղ շոգի պատճառով 98 միլիոն մարդ չի կարողացել ստանալ իրենց անհրաժեշտ սնունդը:
Հատուկ ուշադրության է արժանի կլիմայական ճգնաժամի ազդեցությունը վարակիչ հիվանդությունների բռնկման վրա՝ որի հետևանքով, օրինակ, մալարիայի փոխանցման ժամանակահատվածները 32%-ով ավելի երկար են դարձել Ամերիկա մայրցամաքի բարձրավանդակներում և 15%-ով ավելի երկար՝ Աֆրիկայում՝ 1950-ականների համեմատ: Նույն ժամանակահատվածում դենգե տենդի փոխանցման հավանականությունն աճել է 12%-ով։
Ուսումնասիրության արդյունքներով՝ հանածո վառելիքի այրման արագ կրճատումը ոչ միայն կնվազեցնի գլոբալ տաքացումը, այլև կհանգեցնի մարդկանց առողջության բարելավմանը, օրինակ՝ կկանխի տարեկան օդի աղտոտվածության հետևանքով առաջացած մեկ միլիոնից ավելի անժամանակ մահերը:
Վերլուծության համաձայն՝ զարգացած երկրներում ավելի շատ բույսերով հարուստ սննդակարգի անցումը երկու անգամ կնվազեցնի կարմիր մսի և կաթի արտադրությունից առաջացած արտանետումները և կկանխի տարեկան մինչև 11,5 միլիոն սննդի հետ կապված մահերը:
📌Այսպիսով` «Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` կառավարությունների, համաշխարհային նշանակության կազմակերպությունների, առողջապահական ոլորտի մասնագետների և հասարակ բնակչության առողջակենտրոն արձագանքը ներկայիս ճգնաժամերին կշարունակի հնարավորություն ընձեռել՝ ապահովելու ցածր ածխածնային, կայուն և առողջ ապագա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր