Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է պատմական տարբեր ժամանակահատվածներում մեր տարածաշրջանում եղած աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ եզրահանգելով, որ իրական խաղաղության հաստատումը տարածքներ զիջելով պայմանավորված չէ։
«Որպեսզի ավելի խորքային կերպով հասկանանք, թե ինչ է կատարվում Իրանի ու Թուրքիայի միջև, ապա պետք է մի քանի պատմական ու աշխարհաքաղաքական օրինաչություններ հասկանանք:
Ժամանակակից Իրանի կամ Պարսկաստանի մասին կարելի է խոսել Սեֆյանների դինաստիայի հաստատումից հետո, 1501 թվականից:
Դրանից ի վեր Օսմանցիների ու Սեֆյանների միջև մոտ 10 խոշոր պատերազմ է եղել, չհաշված ավելի մանր առճակատումները:
Իսկ որո՞նք էին այդ պատերազմների հիմնական պատճառները:
Պատճառն աշխարհաքաղաքական էր՝ գնում էր պայքար ժամանակակից Իրաքի ու Հարավային Կովկասի վրա տիրապատություն հաստատելու համար՝ ստրատեգիական նշանակության տարածքների ու առևտրային կոմունիկացիաների համար:
Ի՞նչն է ամենահետաքրքիրը․ վերջին խոշոր պատերազմը տեղի է ունեցել 1821-1823 թթ.: Այ, այստեղ է ամենահետաքրքիրը։ 1828 թվականից հետո, երբ Ռուսաստանը գրավեց Հարավային Կովկասը, դադարեց oսմանցիների ու պարսիկների միջև պատերազմը, երրորդ ուժը լուծեց հիմնական կռվախնձորի հարցն, ու Հարավային Կովկասում որոշակի բալանս ձևավորվեց:
Հիմա ավելի հետաքրքիր մի փաստի մասին էլ է պետք խոսել: 1578 -1590 թթ. խոշոր պատերազմ է տեղի ունենում, որի ժամանակ Պարսկաստանը 1590-ին. պարտվում է ու օսմանցիներին է զիջում այսօրվա Ադրբեջանը, այսօրվա Հայաստանն ու Հարավային Վրաստանը: Հետաքրքիրն այն է, որ կա Շահ Աբասի նամակի մասին հիշատակում, որն ուղղված էր Մոսկվայի ցարին, Իվան Ահեղի որդի Ֆեոդորին, որտեղ Աբասը առաջարկում է Ֆեոդորին գալ ու գրավել այսօրվա Ադրբեջանը՝ Դերբենդի հետ միասին, որի դեպքում ինքը պաշտոնապես կճանաչի այդ տարածքները՝ որպես Մոսկվայի մաս:
Ցարը չի հետաքրքրվում այդ առաջարկով, ու հետագայում Շահ Աբասը ինքն է վերագրավում այդ տարածքները։ Սակայն հատկանշանակ է Պարսկաստանի ցանկությունը՝ անգամ այդ տարածքները զիջելով Մոսկվային՝ Թուրքիային իր հյուսիսից հեռու պահելու համար:
Հաջորդ հիշարժան թիվը 1907-ն է, որը մեզ կօգնի հասկանալ ստեղծված իրավիճակը: 19-րդ դարում մեծ մրցակցություն էր գնում Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև Կենտրոնական Ասիայի, Պարսկաստանի, Աֆղանստանի վրա տարապետություն ծավալելու համար, դա պատմության մեջ է մտել «Մեծ Մրցախաղ» անվանումով:
Այդ պայքարն ավարտվում է 1907-ին, երբ Բրիտանիան ու Ռուսաստանը հաշտության պայմանագիր են կնքում, որպեսզի միասնական դիմագրավեն Օսմանցիների միջոցով Գերմանիայի նկրտումներին, որը ցանկանում էր վերահսկել Իրաքի, Հարավային Կովկասի ու Իրանի առևտրային ուղիները: Այդ պայքարի հիմնական առանցքներից էր Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը, որի միջոցով Բեռլինը ցանկանում էր իր վերահսկողության տակ վերցնել Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի միջև առևտուրը՝ այն հասցնելով ընդհուպ մինչև Եգիպտոս ու Հնդկական ծով:
Երրորդ խաղացողի հայտնվելը փոխում է իրավիճակը: Հատկանշական է, որ այդ ժամանակ թուլացած Պարսկաստանի տարածքային ամբողջականությունն օսմանա-գերմանական դաշինքից, միասնական ուժերով, պահպանում են Ռուսաստանն ու Բրիտանիան: Իհարկե, Իրանն արդյունքում կորցնում է իր սովերենության մի զգալի մասը, որի արդյունքում բաժանվում է երեք զոնաների՝ բրիտանական, ռուսական ու նրանց միջև բուֆերի:
Հիմա գանք այսօրվա իրադարձություններին: Թուրքիայում ստեղծվել է Հարավային Ադրբեջանի վտարանդի Կառավարություն, Իրանը ստեղծում է Նախիջևանն Իրանին միացնելու շարժում, ու երկու կողմերից զորավարժություններ են ընթանում:
Սա պայմանավորված է Ռուսաստանի թուլացմամբ, որի արդյունքում, ըստ էության, վերսկսվում է 1821-1823 թվականների պարսկա-օսմանյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասի ու Իրաքի համար դադարեցված պայքարը: Թուրքայի կողմից հիմա հանդես է գալիս Արևմուտքը՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ, ու պայքարը, ինչպես հասկանում ենք, գնում է Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների համար:
Նոր «Մեծ Մրցախաղը» դեռ նոր է սկսվում, ու հիմնական իրադարձություններն առջևում են, ոչ ոք չի պատրաստվում մյուս կողմին զիջել:
Հ.Գ. Հայկական քաղաքական մտքի տկարությունը նրանով է պայմանավորված, որ դեռևս 1990-ականներին մի քաղաքական հոսանք էր Հայաստանում ձևավորվել, որը 2018-ին եկավ իշխանության, և որի հիմնական թեզն այն էր, որ այ, եթե մենք Արցախը զիջենք Ադրբեջանին, ապա կկարողանանք հաշտ ու խաղաղ ապրել՝ առանց հասկանալու աշխարհաքաղաքական այս ողջ թնջուկը, որ մեզ զիջել-չզիջելով չէ պայմանավորված պատերազմի ու խաղաղության հարցը: Այսօր ևս նման ու այլ տեսակի պրիմիտիվ քարոզներ են գնում հայկական լրատվադաշտում, որոնց նպատակը հանրությանն ապակողմնորոշելն է ու կեղծ իրականության պատկեր ստեղծելը»,- սոցցանցի իր էջում գրել է Ստեփան Դանիելյանը: