00:00:00

Շմոլ գազով թունավորումների պատկերը Հայաստանում. Արմեն Մուրադյան

14:44, 15 հոկտեմբեր 2022 Առողջություն

«Հերացի» վերլուծականը, շարունակում է անդրադառնալ արդի առողջապահական հիմնախնդիրների լուսաբանմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքի և առողջության պահպանման համար: Ջեռուցման շրջանի մեկնարկին ընդառաջ ուսումնասիրության է ենթարկվել շմոլ գազով թունավորումների պատկերը Հայաստանում: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (CO) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գործնականում ցանկացած նյութի այրման ընթացքում, որը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման համար:

Թունավորման դեպքերը հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության և/կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքավորումների և համակարգերի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։
Ըստ 2022 թվականի առաջին վեց ամիսների վիճակագրական տվյալների՝ Հայաստանում գրանցվել է շմոլ գազից թունավորման 399 դեպք, որից 6-ը՝ մահվան ելքով: Ըստ 2020 և 2021 թվակականների նույն ժամանակահատվածի տվյալների համաձայն՝ շմոլ գազից թունավորումների թիվը եղել է համապատասխանաբար՝ 341, որից 4-ը մահվան ելքով, և 444, որից 2-ը մահվան ելքով:

Շմոլ գազից թունավորման դեպքերը տարածված են նաև երեխաների շրջանում, որոնք որպես կանոն սպասարկվում են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մասնագիտացված «Թունաբանության և մանկական վերակենդանացման» կլինիկայում, որը ծառայություններ է մատուցում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակչությանը:

Ցուցանիշների վերլուծությունը վկայում է, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը 2020 և 2021 թվականներին բժշկական օգնություն է ցուցաբերել շմոլ գազից թունավորված համապատասխանաբար 104 (62-ը Երևանից, 42 մարզերից) և 124 (68 Երևանից և 56 մարզերից) պացիենտներին, իսկ 2022 թվականի 9 ամիսների տվյալների համաձայն՝ արդեն սպասարկվել է 63 պացիենտ:
Հարկ է նշել, որ շմոլ գազից թունավորումների արդյունավետ բուժման համար լայնորեն կիրառվում է բարոթերապիան, որի հանրապետությունում եզակի մանկական ծառայությունը ներդրվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում 2021 թվականի դեկտեմբերին:

Հարկ է նշել, որ ծառայությունը մատուցվում է ժամանակակից սարքավորումով, արտերկրում վերապատրաստված մասնագետի կողմից: Այն մեծապես նպաստում է նաև շմոլ գազից թունավորված պացիենտների առողջության վերականգմանը՝ նշանակալի կրճատելով բուժման տևողությունը և բարձրցնելով բուժման արդյունավետությունը: Հաշվետու ժամանակահատվածում արդեն իսկ իրականացվել է 60 բարոթերապիայի սեանս:

Հիշեցնում ենք, որ շմոլ գազից թունավորման առավել տարածված ախտանշաններն են՝ գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և քնկոտությունը, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, փսխում, արցունքահոսություն, զարգանում է մկանային թուլություն, ցնցումներ, հնարավոր է գրգռվածություն, դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ դառնում կապտավուն մուգ կարմիր, նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։

Սիելի քաղաքացիներ ուշադրությունը կենցաղում օգտագործվող վառարանների և գազօջախների սպասարկմանը, հետևողականությունը և անվտանգության կանոնների պահպանումը կարող է էապես նվազեցնել պատահարնների հավանականությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր