Երեկ Հայաստանի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ էին, որոնցից միայն 9-ում է հաղթել իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն բոլոր համայնքներում ընտրություններին մասնակցում էր «Ապագա կա» կարգախոսով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է սեպտեմբերի 25-ին կայացած ՏՒՄ ընտրությունների նախնական արդյուքները։ Ըստ այդ իշխանությունը մի շարք խոշոր համայնքներում խայտառակ պարտություն է կրել։ Մասնավորապես Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մեծամասնությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ապագան, ընտրելով գործող համայնքապետին։ Այստեղ երեք քաղաքական ուժ էր ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել։
Անի խոշորացված համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15902 է եղել, մասնակցել է 7861-ը։ «Քաղպայմանագիր»-ը ստացել է 3032 քվե, «Հայկական երազանք»-ը ՝1037, իսկ մեծամասնություն ստացել է գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի ղեկավարած «Ազգ- Համայնք» դաշինքը, ստանալով 3763 ձայն։ Հիշեցնենք, որ գործող հանրապետական ղեկավար Արտակ Գևորգյանը դեռ 2019 թվականից մեղադրվում է համայնքի բյուջեն վատնելու համար։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել համայնքապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո։ Երկարատև ակցիաներից ու չարաշահումների մեղադրանքով քրեական գործերից հետո Գևորգյանը հրաժարական չտվեց, ու հաղթեց Փաշինյանի թիմակցին։
Նիկոլ Փաշինյանի հայրենի մարզի Բերդ խոշորացված համայնքում էլ հաղթանակ է տարել անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի ղեկավարած «Զորավոր համայնք» դաշինքը, ստանալով 5685 ձայն, «Քաղպայմանագիր» (ՔՊ) ստացել է 4298
Ուշագրավ էին Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան ու Իշխանասար համայնքների քվերակությունների արդյունքները։ Եթե Քաջարանում վերընտրվել է դեռ ամիսներ առաջ կարմիր վարդերով Աննա Հակոբյանին դիմավորող Մանվել Փարամազյանն, ապա Սիսիանում ու Իշխանասարում ՔՊ-ն է ստացել ձայների մեծամասնությունը։ Իշխանասարի մատույցներում օրեր առաջ պատերազմ էր։ Թշնամին սեպտեմբերի լույս 13-ի գիշերը կրակոցներ է արձակել այդ հատվածում, բայց անգամ այս հանգամանքը չի խանգարել, որ գյուղի բնակիչները գնան ու ընտրեն այն ապագան, որը իշխանությունն է առաջարկել, նույնը նաև Սիսիանում։ Այստեղ էլ 22942 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11878-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղպայմանագիր» (ՔՊ) 4093
«Աշխատանք և արդարություն » 2693
«Մեկ Հայաստան» 979
«Ապրելու երկիր» 2307
«Զարգացող համայնք» 570
«Հանուն ժողովրդավորության պաշտպանների դաշինք» 794
«ՀՅԴ» 403
Մրցակցությունը թեժ էր Լոռու մարզի Ալավերդի և Գյուլագարակ համայնքներում՝ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Ապրելու երկրի» միջև։ Ալավերդիում ընդամենը 234 ձայնով հաղթեց «Ապրելու երկիր»-ը, Գյուլագարակում 48 ձայնի առավելություն ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Լոռու Տաշիրում 5 տարվա գործող համայնքապետը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ զգալի տարբերությամբ։
Գեղարքունիքի Ճամբարակում էլ ընտրություններին մասնակցած միակ կուսակցությունը «Դեմոկրատական այլընտրանքն» էր։ Ընտրողների մոտ 50 տոկոսը մասնակցել ու, այլընտրանք չունենալով, ձայն է տվել այս կուսակցությանը։ Ջրվեժում էլ միակ առաջադրված ուժը «Քաղաքացիական պայմանագիր»-ը կուսակցությունն էր։ Այստեղ ընտրողների ամենացածր մասնակցությունն է գրանցվել՝ ընդամենը 27 տոկոս։
Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում ևս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն հաղթանակ է տարել, հաղթել նաև Կոտայքի մարզի Ակունք համայնքում, բայց պարտվել նույն մարզի Չարենցավան ու Բյուրեղավան համայնքներում։
Ընդհանուր առմամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 18 համայնքներից 9-ում պարտվել է։ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 119 հազար 469 ընտրող` քվեարկության իրավունք ունեցող (236 հազար 724) քաղաքացիների 50.47 տոկոսը։ Առավել ակտիվ Քաջարանն է եղել` 77.77 տոկոս, ընտրություններին ամենաքիչը մասնակցել են Ջրվեժում` 27.20 տոկոս: Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք: Ի ղեպ խորհդանական երկու խմբակցությունները՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները որևէ համայնքում թեկնածու չեն առաջադրել, բացահայտ որեւէ ուժի չեն սատարել։