Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում սեպտեմբերի 14-ին զոհվել է 22-ամյա սպա Մանուկ Միքայելյանը։
Հրետանավոր Միքայելյանը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի շրջանի Գեղաձոր գյուղից էր։
Հրետանավոր Միքայելյանը տան միակ որդին էր, իրենից մեծ երեք քույր ունի։ Նա ծառայում էր Կապանի զորամասերից մեկում, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ Ջերմուկի պաշտպանության ժամանակ։
«Ինքը վիրավոր է եղել, վիրակապել են, նորից գնացել ու հասել է իր զորքին։ Թեժ պահին զինվորներին թաքստոց մտնելու հրաման է տվել, սակայն ինքը մնացել ու մինչեւ վերջ կռվել է։ Իր հրամանատարները պատմում են՝ երբ հրետանին գործի էին գցել, ինքն իր ենթականերին հրաման է տվել, որ թաքստոց մտնեն, ինքը հետ է վազել ու հրետանու պարանը քաշել, հետո հետ մտել մարտկոց, բայց մինչեւ վերջ չի մտել, դուրս նայելիս է եղել, հակառակորդն արդեն իրեն թիրախավորել էր։ Ամբողջ մարտկոցը վերացրել են»,- պատմեց նրա հորեղբոր որդին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։