Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականցվող ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։
Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։