00:00:00

Օրբելյանը գերադասեց աչք փակել ընտանեկան - կլանային կապերով հիմնավորված աբսուրդային հիերարխիայի մենաշնորհի վրա

18:08, 17 մայիս 2018 Մշակույթ

Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տիրող խիստ մտահոգում է ոլորտի մասնագետներին: Irakanum.am-ը ստացել է ոլորտի մասնագետներից բաց նամակ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: 1.Թատրոնի ռազմավարություն և տեսլականը: Վերջին տարիներին կարծես թե փորձ էր արվում այս առումով փոփոխության հասնել: Ենթադրվում էր, որ ներկա պաշտոնավարողը լավ գիտե օպերային թատրոնի ստրուկտուրան և կկարողանա կարճ ժամանակում  շտկել թատրոնի ծուռ մեջքն այս առումով՝ բացելով մի այլ, բոլորովին նոր էջ մեր թատրոնի ապագա գործունեության մեջ: Տարօրինակ է, բայց այն, ինչ սպասվում էր և որ պիտի թատրոնի գեղարվեստական կազմերի, գեղարվեստական խորհրդի և այլ քննարկումների արդյունքում արագ լուծվեր, արդեն երկրորդ տարին է, ինչ դեգերում է անհայտ ոլորտներում: Գեղարվեստական ղեկավարը ինքն էլ չգիտե, թե ինչ է ուզում. այնինչ պիտի գերազանց իմանար գոնե տեսականորեն և մի քանի տեսակի մոտեցմամբ, որը կարող էր և անպայման պիտի դրվեր քննարկման վերը հիշածս կազմերի մասնակցությամբ: Նրա պաշտոնավարման սկզբում, մոտ կես տարի բացարձակ որոնողական մոտեցում էր, անցյալ տարվա սկզբում ինչ-որ տարօրինակ և առանց որևէ ուղղվածության սիմֆոնիկ, հաճախ վոկալ-սիմֆոնիկ համերգների տարափ տեղաց՝ անցյալ տարին ավարտելով համերգային կատարումներից շատ չտարբերվող մեկ – երկու, այլ ժամանակ և այլ տեղավայրերում կայացած բեմադրությունների մեր բեմում կրկնօրինակմամբ: Այս տարվա նախաշեմին լայնորեն հեղեղված հոդվածաշարերով նրա կողմից շրջանառվում էր մի շարք օպերային գործերի բեմադրության մասին լուրերը, հիմա էլ պարբերաբար տարածվում են հոդվածներ թատրոնում դրանց վրա ՛՛եռուն՛՛ աշխատանքի կապակցությամբ, իսկ արդյունքում ունենք.. այն ինչ ունենք – ոչինչ: Պատճառն ավելորդ է անգամ մեկնաբանել. ի՞նչ կապ կարող են ունենալ պլանային մարտավարության կամ առավել ևս տեսլականի հետ ոչ մի կապ չունեցող ենթադրվող ներկայացումները: Դրանք մեկը մյուսի հետ ոչ մի առանցքային կապ չունեցող, անհասկանալի ՛՛անձնական մղումներից՛՛ դրդված պրոեկտներ են, որոնք կապ չունեն ո՛չ առկա գեղարվեստական կազմի հետաքրքրությունների և կարողությունների հետ և ո՛չ էլ ունեն կայանալու համար անհրաժեշտ որևէ տրամաբանորեն բացատրելի ենթատեքստ: 2.Թատրոնում անցյալ 100 – ամյակից գործող համակարգի  հիմնավոր փոփոխության և ազատ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությունը: Դեռ պաշտոնավարման առաջին օրերից Կ. Օրբելյանը գրավոր և բանավոր լայնորեն շրջանառում էր թատրոնում լուրջ համակարգային փոփոխություն կատարելու իր մեծ ցանկության և ձգտման մասին: Բոլորս անչափ ոգևորված էինք, որ շուտով կտեսնենք ազատ մրցակցային դաշտ և հավասար պայմաններ բոլորի համար: Դարձյալ, եղավ այն, ինչ եղավ: Նա, ինչպես և իրեն նախորդած մյուսները, անսպասելիորեն արագ պայմանավորվեց ներսում առկա կոռուպցիոն – խծբ ուժի հետ, անասելի կարճ ժամկետներում դառնալով այդ ուժի ներկայացուցիչների և հովանավորյալների ջատագովն ու առաջին ..շողոքորթը.: Մասնավորապես հույսեր ունեինք եռամյա ժամկետը լրացրած ատեստացիոն քննության հետ կապված: Հենց պ. Օրբելյանը բազմիցս և բոլորին հավաստիացնում էր, որ դրա արդյունքում, օրինակ, օպերային կազմի առավել քան 50  վոկալիստներից անմիջապես և անխուսափելիորեն կմնա միայն թատրոնի լիմիտ ապահովող քանակությունը: Արդյունքը բացարձակ զավեշտալի էր և խորը հիասթափության առիթ բոլորի համար: Կրճատվեցին 3, 4 անձ և անմիջապես  ոմանց համար որևէ պրոֆեսիոնալ հիմնավորումից զուրկ կարգեր բարձացվեցին՝ գումարային հասկանալի հավելումներով: Իսկ մարդկանց մինչ այժմ սնում են ժամանակի ընթացքում և աստիճանաբար ոմանց պայմանագրերի կասեցմամբ, կամ այլ անհիմն և քիչ հավանական հույսերով: 3.Կրթական առաքելությունը, աշխարհի հետ թատրոնի լիարժեք համագործակցությունը, բայց միևնույն ժամանակ հայկականությունն աշխարհին պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտությունը: Նախ և առաջ հարկավոր է հաշվի առնել, որ գեղարվեստական առկա ղեկավարը թեև հայ է ազգությամբ, բայց բոլորովին տեղյակ չէ հայ միջնադարյան և ազգագրական մշակութային ժառանգությանը, հայ գրականությանը, չգիտե հայոց լեզուն և չի տիրապետում, հավանաբար նաև չի էլ զգում հայկականության խնդրի ողջ կարևորությունը: Այլևս անցյալ նախագահական ռեժիմի ՛՛թագավոր – թագուհու՛՛ պարագայում դա գուցեև վերջին խնդիրն էր, ու ոչ ոք հույս էլ չուներ, թե երբևէ կլինի հնարավոր այդ հարցը գլխովին առանձնացնել: իսկ հիմա, երբ երկրին սպասվում է այս դեպքում սեփական մշակութային դիմագիծը աննախադեպ արտահայտված դարձնելու կարևորությունը, և երկրի առաջնային կարևորության մշակութային դեմքը ներկայացնողներից մեկն էլ հենց առաջինը օպերայի թատրոնն է, ուրեմն պարզապես սթափ չէ որևէ հույս կապել հայկական ոլորտը չիմացող մարդու հետ, այլ պետք է հետևողական և ամուր կանգնել այնպիսի ապագա ղեկավարի կողքին, որը գիտակցում է և հրաշալիորեն, և խորքից գիտե հայ մշակույթի հայկականության դավանման կարևորությունը: Այստեղից էլ բխում է հենց կրթական առաքելությունը: Այսօրվա երիտասարդ հային հնարավոր չէ հրամցնել ինչ պատահի, հնարավոր չէ մշակութապես խաբել, ինչպես առանց հոգնել և հատկապես ակտիվ այսօր փորձում են մեր օպերային թատրոնում: Առավել ևս չի կարելի մոլորեցնել որևէ բարոյական հենք չդավանող ժամանցային արվեստի ձևերով: Աշխարհի հետ մշակութային աղերսները նույնպես հիմնված է եղել հայ ժողովրդի անկրկնելի երաժշտական, պարային և բեմական դիմագիծն առավել ընդգծելու գործընթացներով, և դա հասել է իր գերագույն արտահայտմանը անցյալ դարի 70 – 80 – ականներին; Զարմանալիորեն, պ. Օրբելյանը որևէ կերպ չի ցույց տալիս այդ ամբողջ լավ կայացված փորձի հետ ծանոթ լինելու որևէ նշաններ, փոխարենը գիտենք այստեղ և այսօր ապրող արվեստագետներ, որոնք հրաշալի տիրապետում են այդ փորձին, դրա մասն են եղել և պատրաստակամ ու վճռական մոտեցմամբ այն կարող են տեղափոխել մեր թատրոնի այսօրվա առօրեական գործելադաշտ: 4.Թատրոնի ունեցած գեղարվեստական պոտենցիալի ոչ լիարժեք օգտագործումը: Հայտնի է, որ այսօր օպերային թատրոնում աշխատում են աննախադեպ քանակությամբ վոկալիստներ, պարողներ:  Տարիներով չի ստացվում լուծել խաղացանկի հարցը, իսկ այսօր խաղացանկի մինչ այս վերջին մի կերպ վերջին շնչում պահվող ներկայացումները պարզապես կանգնած են մոռացման ու քայքայման եզրին, եթե արդեն չեն բնաջնջված, դատելով այն բանից, որ պ. Օրբելյանը խոստանում էր վերաբեմադրել  դրանք, դեկորների և հագուստի պլանով նորացման գնալ, այսօր դարձյալ, կա ինչ կա: Ոչ մի նորացված ներկայացում, ոչ մի վերաբեմադրված ներկայացում, իսկ պրեմիերաների փոխարեն շարժական մեկ բեմադրություն և վերականգնված նույնպես մեկ այլ: Ահա ողջ արդյունքը: Պարոն գեղղեկը անգամ խոստացել և պլանավորել էր անցյալ տարի, սկսած սեպտեմբերից կազմակերպել հրավիրված թատրոնների ներկայացումների շքերթ, բայց արդյունքում ոչ մի թատրոն չուզեցավ կամ հնարավոր չտեսավ համագործակցել ռեպերտուար չունեցող թատրոնի հետ: 50 և ավել օպերային մեներգիչների ուժերով կարելի էր ամեն շաբաթ 3 – 4 ներկայացում ունենալ, եթե անցյալ դարի 80 – ականներին մեկ տասնյակից քիչ ավել վոկալիստներով մարդիկ ապահովել են մոտ 4 տասնյակ անուն ներկայացում ամեն ամիս: Օպերային կազմը պրոդուկտիվ չէ, և պարոն Օրբելյանը, ինպես և մյուսները գերադասեց չտեսնելու տալ այդ խնդիրը, չտեսնելու տալ թատրոնի պատուհասը դարձած ԽԾԲ մոտեցմումը, որը բեմադրական ընթացքը մշտապես դարձնում է տանջալի ու անարդարացի անհավասար պայքար: Գերադասեց աչք փակել ընտանեկան – կլանային կապերով հիմնավորված աբսուրդային հիերարխիայի մենաշնորհի վրա և այսօր դարձյալ ոմանք անարդարացիորեն քամում են արդեն իսկ եղած քիչ ելույթների բացարձակ սերուցքը, ըստ հիերարխիայի աստիճանի  մյուսներին թողելով այն, ինչ կմնա կամ պարզապես ոչինչ: Տաղանդը, աշխատասիրությունը, ազնիվ և հայեցի ձգտումները ոչ մի հիմք չեն ծառայում, և ավելի քան երբևէ չեն ծառայում զուտ արտիստի ներկայությունն անգամ ապահովելու համար թատրոնում: Ես, թատրոնի վերջին 10 տարվա ընթացքում մասնակցելով բազմաթիվ պրեմիերաների ու համերգային կատարումների հետևողական աշխատանքովս, այսօր կրկին դուրս եմ հանված թատրոնի կազմից, երբ անցյալ 2 տարիների ընթացքում պայմանագրային աշխատողի ստատուսով գոնե կարողանում էի աշխատել և արդյունք տալ, թեև առանց ոչ մի գրոշի: Ընդունարանում ամեն անգամ ստեղծում են ստորացուցիչ ու սարսափեցնող իրադրություն, դրդելով խուսափել հաճախել թատրոն և դրանով ոչնչացնել փորձելով իմ մեջ որևէ ցանկություն և ձգտում գործել ըստ իմ շնորհքի և կարողությունների՝ իմ հարազատ թատրոնի համար: Ահա սա է պատկերը: Փոխարենը, մարդիկ վճարվելով 100000 – 200000 դրամ, գիտենք, թե ինչ զավեշտի արժանի ծավալի աշխատանք են կատարում, շատերը չեն համապատասխանում անգամ օպերայի երգչի համար անհրաժեշտ տարրական նորմերի, ոմանք ամիսներով թատրոն չեն մտնում և դժվարությամբ կհիշեն, թե վերջին անգամ երբ են բեմ բարձրացել: Ահա այս է Կոստանտին Օրբելյանի ամենուր գովերգվող թատրոնի իրականությունը, նրա խստացած բարեփոխումների պատկերը: Բայց դուք թերևս չեք գտնի գոնե մեկ հոգի այդ կազմերից, որ կգտվի պատրաստակամ կամ կցուցաբերի վճռականություն այդ անփառունակ վիճակը լուծելու: Փոխարենը գերադասում են լռել: 5.Ստեղծագործ և նորարարական մտքի իսպառ բացակայությունը: Ստեղծագործ և նորարական միտք ապահովել կարող է հատկապես երիտասարդ ստեղծագործ ուժը, որը վստահաբար և անկաշկանդ թատրոնում ստեղծագործելու հնարավորություն ունի: Մինչ ներկա գեղղեկի գալը և նրա կառավարման առաջին ամիսներին, թատրոնի նախորդ տնօրենի ջանքերով ստեղծվել էր նմանատիպ իրավիճակ և արդյունքում հնարավություն ունեցանք համերգային կատարմամբ բեմ հանել Ջ. Ռոսինիի ՛՛Մոխրոտը՛՛, բացարձակապես մեր ուժերով: Պարոն Օրբելյանը ո՛չ ներկա էր, ո՛չ հարկ համարեց դա որևէ արտառոց ուշադրության արժանացրել: Շատ փոքր գումար ավելացնելով կարող էինք ունենալ շատ գեղեցիկ ու մանկական ներկայացում: Բայց ոչինչ: Թատրոնի ներսի կլանը և պարոն Օրբելյանը կասեցրին այդ գործընթացը, որովհետև պարզվեց, որ թատրոնի 50 վոկալիստների մեջ հնարավոր չէր ապահովել երկրորդ փոխարինող կազմ, Իսկ առաջին կազմի առավելությունները կլանին ձեռնտու չէր ընդունել: Վերջերս կազմ հավաքեցինք և համերգային ներկայացման վիճակի հասցրեցինք ևս մի բարդագույն օպերային գործ՝ Վ.Ա. Մոցարտի օպերաներից: Ամիսներ տևող ոգևորված ու սիրով լի աշխատանքը պարզապես սպանվեց  այդ մարդու և իր համախոհների կողմից՝ պարզապես ինձ թատրոն ազատորեն մուտք գործելն արգելելով: Այդ միջավայրում ինչ նորարարության և ինչ ստեղծագործ մտքի մասին կարող է խոսք լինել: Մինչդեռ պ. Օրբելյանը իր ծրագրերի հետ կապված հոդվածներում միշտ թմբկահարել է Մոցարտի և Ռոսինիի գործերին որևէ օպերային թտրոնի համար հատուկ անհրաժեշտությունը: Տեսեք, թե քանի գրոշ արժեն նման խոստումները: 6.Զբոսաշրջության ոլորտի հետ աշխատելու անհրաժեշտությունը և դրա հետ կապված թատրոնին ոչ հարիր տնտեսա – կենցաղային իրավիճակը: Այս առումով պետք է հատկապես նշել, որ վերը նշվածի մեկը անկասելիորեն բխում է մյուսից:  Ինչ է արվել վերջին տարիներին թատրոնի ներսին թեկուզ միայն արտաքին հարդարանքը կամ բեմի տեսքն ու վիճակը բարելավելու օգտին: Ի՞նչ կարող է ակնկալել տեսնել և գտել թատրոնի ներսում զբոսաշրջիկը, որտեղ դահլիճի կահավորանքը վաղուց դուրս է արդի նվազագույն նորմերից, որտեղ հնարավոր չէ ընդմիջումներն անցկացնել ֆոյեում, չկան  վայրին համապատասխան սանհագույցներ: Այս ամենին գումարելով վեր նշված բոլոր կետերը, պատկերացրեք՝ արդյո՞ք որևէ զբոսաշրջիկ կմնա մինչև վերջ որևէ ներկայացման, անգամ եթե տոմս է գնել և թատրոն է եկել: Եղածին ավելացնել է պետք, որ չնայած մենեջմենտի բաժնին, որն արդեն մի քանի տարի գործում է թատրոնում, կիսադատարկ դահլիճների խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում և ներկա գեղարվեստական ղեկավարի առկայության պարագայում խնդիր էլ կմնա: Մարդը ակտիվ գործունեության արտիստ է՝ ամեն ամսվա կեսը կտրված թատրոնից, մինչդեռ մեզ հարկավոր է ղեկավար, ով բացարձակ և մշտական կոնտակտի մեջ է թատրոնի զարկերակի հետ, ով ներկա է, ով ապրում և շնչում է հենց այս թատրոնով: 7.Գեղարվեստական խորհրդի հստակ գործառույթները: Ոչ ոք թատրոնում երբեք չի տեսել և չգիտի, թե ինչ բան է սա: Երբ հարցնում ես, թվարկում են անունների մի բավական ստվար ցուցակ, որոնցից մեկ երկուսը հանկարծ կարող էին և հայտնվել որևէ պրեմիերայի հանձնմանը: Եվ պարոն Կոստանտին Օրբելյանը նույնպես, շատ մտահոգիչ ստեղծագործական հարցերից խուսափելու համար անկաշկանդ բերում է գեղարվեստական խորհրդի մասին սուտը և հեքիաթը՝ ի կասեցում: Թատրոնում հիմնահատակ ու անհապաղ մշակութային և կադրային փոփոխություն հաջողելու դեպքում, գեղարվեստական խորհուրդն առաջինն է, որ պատրաստվում ենք դուրս բերել սովետական փտած պատկերացումների շրջանակից: Մինչդեռ դժվար է գերագնահատել դրա նշանակությունը, դերը, կարևորությունը: Գեղարվեստական խորհուրդը պետք է լինի նախևառաջ ոչ միֆական և թատրոնի ներսում ռեալ գործող կառույց: Այն պետք է իրականցնի ամեն պրեմիերայից մոտ 6 ամիս առաջ անցկացվող լսումները, որպեսզի մարդիկ մինչև վերջին օրն, օրինակ, նոտաները ձեռքին դուրս չգան բեմ՝ փորձի, կամ պրեմիերայի ողջ ընթացքին մնան նոտաներին կառչած, քանի որ ունեն… անգիրի խնդիր: Գեղխորհուրդը պետք է լսումներ անցկացնի ընդհուպ մինչև ամեն ներկայացման կազմը որոշելու անհրաժեշտությունը: Գեղխորհուրդը պիտի ներկա գտնվի յուրաքանչյուր ներկայացմանը և դրան հաջորդող ժողովի ընթացքում պետք է վեր հանի տվյալ ներկայացման բոլոր խնդրառու և մշակման  ենթակա կողմերը: Նաև այդ պարագայում միայն թատրոնը և նրա ներկայացումները կարող են առաջընթաց գրանցել: Գեղխորհուրդը պետք է կազմված լինի թատրոնի կյանքին ամենասերտորեն կապված արվեստագետներից, որի կազմը պարբերաբար պիտի փոփոխվի, որպեսզի ոչ ոք չհասցնի ՛՛արմատակալել՛՛ և վնասել անառողջ կամ անտարբեր մոտեցմամբ և այլն.. Իսկ մինչ այժմ այդ կառույցը մեր թատրոնում զուտ առկա է եղել անուն – ազգանունների տեսքով, որոնք երևի հանդիպում են երբեմն ու միմյանց հետ գոնե բարևում են: Կրկնում եմ, պարոն Օրբելյանը նույնպես առանձնակի հաճույքով միշտ մեջբերում է այդ կառույցի գոյություն չունեցող ՛՛դաբրոն՛՛… մինչև ե՞րբ.. Որպես ավարտ կուզեի ցանկություն հայտնել, որ այս վերջին և հույժ բարերար, ես կասեի անգամ կենարար փոփոխությունը այսօր–վաղը վերջապես իրականություն կդառնա և հույս կա, որ մեր թատրոնի ապագա գեղարվեստական ղեկավարը, ինչպես և նրա աշխատակազմը կամք և պատրաստակամություն կունենան բոլոր այս վերը նշված և խրոնիկ հիվանդության մակարդակի հասցրած խնդիրները վերջիվերջո լուծելու համար: Նրանք, սպասելիքներ ունենք, որ կունենան կամք վերջապես ազատելու թատրոնը ներսի կլանի ճիրաններից, որի ձեռքում թատրոնն արդեն շնչահեղձ է լինում և հավատանք, որ կկարողանանք համատեղ և կենտրոնացած աշխատանքով մեր օպերային թատրոնի համար մի նոր ոսկեդարի սկիզբ նշանավորել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր