Տան միակ որդին, ընտանիքի սիրված տղան․․ լուսավոր ու բարի Նարեկը։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով զոհված Նարեկ Հայրապետյանին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մանկուց չարաճճի, բայց միաժամանակ համեստ ու խելացի, այսպես է նկարագրում զոհված եղբորը քույրը՝ Տաթևիկ Հայրապետյանը։ «Չարաճճի էր, միշտ աշխույժ էր, բոլորին լսող էր, բոլորին սիրում էր»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Հայրապետյանի քույրը։
Դպրոցն ավարտելուց հետո Նարեկը վարսավիրական դասընթացների է գնացել, որից հետո զորակոչվել բանակ։ 2021 թվականի հունիսի 23-ին են ընտանիքի անդամները, բարեկամներն ու ընկերները Նարեկին ծառայության ճանապարհել, բարի ծառայություն ու անփորձանք վերադարձ մաղթել։ Ծառայությունից երբեք չի դժգոհել, ծնողների հետ զրույցում միշտ ասել է, յուրաքանչյուր հայ տղայի պարտքն է ծառայել հայրենիքին։ «Կրթված ու դաստիարակված, հայրենասեր ու երազանքներով լի էր եղբայրս․․․»,- ասում է քույրը։ «Ծառայում էր Կապանում։ Ծառայությունից գոհ էր, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է»։
Քույրը մեկ առ մեկ հիշում է եղբոր բոլոր խոսքերն ու երազանքները։ Նարեկը ցանկություն ուներ զորացրվելուց հետո աշխատեր, մեքենա գներ ու այգին մշակեր։ Երազանքներ էլի ուներ, դրանք բոլորն էլ կապված էին ընտանիքի ու հայրենիքի հետ։
Նարեկը սեպտեմբերի 13-ին վերջին անգամ կապվել է ծնողների հետ՝ վստահեցնելով, որ իր հետ ամեն բան կարգին է, անհանգստանալու կարիք չկա։
Նարեկ Հայրապետյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին, դին հարազատներին փոխանցել են հաջորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին։ Նրան հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Հայաստանի ու Արցախի սահմանները կյանքի գնով պահպանելու համար զոհված հայ քաջորդիների կողքին։
Հայրապետյանները 44-օրյա պատերազմից հետո հաճախ էին Եռաբլուր այցելում, ծաղիկներ խոնարհում հերոս տղաների շիրիմներին։ Հիմա նրանց ճանապարհն այլևս անցնում է պանթեոնով, որտեղ ամփոփված է իրենց միակի, լուսավոր ու բարի հերոս 19-ամյա Նարեկի մարմինը։
Irakanum.am