00:00:00

Արցախից տեղահանված բնակիչներին ՀՀ-ն տրամադրում է 8, 10 և 12 մլն դրամի սերտիֆիկատ, եթե բնակարանն ավելին արժե, պետք է քաղաքացին ավելացնի

18:21, 17 սեպտեմբեր 2022 Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով՝ Աղավնոյի և Բերձորի տեղահանված բնակիչներն օգտվելու են վերաբնակեցված քաղաքացիների համար բնակարանային  պետական աջակցության ծրագրից։

«Աղավնոյի և Բերձորի տեղահանված բնակիչների համար առանձին ծրագիր չունենք նախատեսված։ Իմ նշած ծրագրի շրջանակներում շահառուների փոքր խումբ ստացել է բնակարանների սերտիֆիկատներ, մյուսներին էլ նախատեսում ենք տրամադրել հավաստագրերը, հստակ ժամկետ այս պահին դժվարանում եմ նշել:

Դիմումները ներկայացրել են մեզ՝ ՀՀ սոցապնախարարություն, իսկ շահառուների մասին տեղեկատվությունը տրամադրել է Արցախի տարածքային կառավարման նախարարությունը։ Այսինքն՝ թե ով կկարողանա դառնալ ծրագրի շահառու, ՏԿԵՆ-ի տրամադրած տեղեկատվությունը համադրել ենք մեր ունեցած դիմումների հետ։ Կան, օրինակ, ընտանիքի անդամներ, ովքեր բոլորն իրենց անուններով դիմումներ են գրել, բայց, բնականաբար, ընտանիքին տրամադրվելու է մեկ բնակարան։ Բոլոր տվյալները պետք է համադրվեն, սրանով է պայմանավորված, որ սահմանված ժամկետներից մի փոքր ուշացումներ ունեցանք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Զառա Մանուչարյանը՝ անդրադառնալով Արցախից տեղահանված, մասնավորապես՝ Բերձորի, Ներքին Սուսի և Աղավնոյի բնակիչներին բնակարանային սերտիֆիկատ տրամադրելու գործընթացին։

 

Նրա կարծիքով՝ օրերի հարց է, երբ ավելի մեծ խմբով քաղաքացիներ կստանան բնակարանների հավաստագիր։

Հարցին՝  ի՞նչ գումարի սահմաններում է սերտիֆիկատ տրամադրվում բնակիչներին, Զառա Մանուչարյանը պատասխանեց.

«Փոփոխություն տեղի չի ունեցել, նախատեսված է երեք չափ՝ կախված նրանից, թե որտեղ կցանկանան բնակարան ձեռք բերել։ 8 մլն դրամ՝ մինչև 8 տոկոս տոկոսագումարի գծով, եթե Երևանում են ուզում։ Եթե ՀՀ մարզերում են ուզում՝ 10 մլն դրամ՝ 10 տոկոս տոկոսագումարի գծով, իսկ եթե Արցախում են ուզում, ապա մինչև 12 մլն դրամ մայր գումար՝ 12 տոկոս տոկոսագումարի գծով։ Բնակարանն արդեն քաղաքացին է ընտրում։ Եթե կլինի նշված սահմանաչափում, այսինքն՝ եթե Արցախում գտնի տուն, որը կլինի 12 մլն դրամ, ապա ամբողջը պետության կողմից կֆինանսավորվի, իսկ եթե 12 մլն դրամից շատ լինի, ապա արդեն քաղաքացին ինքը պետք է գումարն ավելացնի»,- եզրափակեց Զառա Մանուչարյանը։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը գնացել էր Բերձոր քաղաք և բնակիչներին տեղեկացրել, որ պետք է մինչև օգոստոսի 25-ը դուրս գան Բերձորից, Աղավնոյից և ներքին Սուսից՝ այդ բնակավայրերը թշնամուն հանձնելու համար։

Այդ ժամանակ Աղավնոյի բնակիչներին Խանումյանն ու նրա հետ գնացած պաշտոնյաներն առաջարկել էին մինչև օգոստոսի 20-ը հանձնել իրենց բնակարանները՝ դրա դիմաց ստանալով 8-10 միլիոն դրամ արժեքով սերտիֆիկատ:

Օգոստոսի 25-ից իրենց բնակավայրերից բռնի տեղահանված այս բնակիչները դեռևս սեփական տանիք չունեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր