Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի օրվա կապակցությամբ․
Յուրօրինակ քաղաք, որն առանձնահատուկ հմայք ու գրավչություն, համ ու հոտ ունի... Գյումրին այսօր Հայաստանի ոչ միայն մշակութային, այլև տուրիստական մայրաքաղաքն է: Տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք այցելում են Գյումրի, այցելում են ոչ մեկ օրով, այցելում են ընտանիքներով, ընկերներով, բարեկամներով...
Տարիներ շարունակ ես կոչ էի անում ավելի հաճախակի այցելել հայոց հայրաքաղաք, ծանոթանալ Գյումրու և սրտաբաց գյումրեցու պատմությանն ու մշակույթին, ինքնատիպ միջավայրին ու կենցաղին, բառ ու բանին, համ ու հոտին, ճանաչել ու վայելել այդ ամենը, սովորել այդ ամենից... Ուրախ եմ, որ Գյումրին այսօր իսկապես դարձել է լավագույն և ամենաաշխույժ այցելության վայրը բոլոր նրանց համար, ովքեր սիրում են և ուզում են ճանաչել Հայաստանը: Համոզվելու համար վիճակագրություն պետք չէ, ընդամենը պետք է գնալ Գյումրի՝ թեկուզ մեկ ժամով, մեկ օրով...