Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում բոլոր կարծիքները և առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ:
Այս մասին ասել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի մասով և արդյոք այս հարցը կքննարկվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդում:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը բոլոր կարծիքները և առաջարկները հանձնաժողովի հետ համատեղ անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում, բայց որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»,- ասաց Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: