00:00:00

Հայաստանում կարևորում են բարեկամ Հնդկաստանի՝ տարեցտարի աճող հեղինակությունը․ Փաշինյանի ուղերձը

08:46, 31 օգոստոս 2022 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում նշված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մեր բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Գոհունակությամբ պետք է նշել, որ մեր ժողովուրդների միջև հազարամյա պատմություն ունեցող կապերը նոր լիցք են ստացել հատկապես վերջին տարիներին: Դրա լավագույն վկայությունն է օրեցօր աճող և զարգացող փոխշահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում:

Ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, արդյունավետ գործում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը, սերտ համագործակցություն է ձևավորվել կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում։

Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի, հայոց պատմական սրբավայրերի և հայկական ժառանգության հանդեպ։

Հուսով եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մենք նորանոր հաջողություններ կգրանցենք՝ ի բարօրություն մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:

Ձերդ գերազանցություն, Հայաստանում չափազանց կարևորում են բարեկամ Հնդկաստանի՝ տարեցտարի աճող հեղինակությունն այսօրվա արագ փոփոխվող աշխարհակարգում, քանի որ խաղաղասեր և ժողովրդավարական Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և մեր տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում:

Հայաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է օժանդակել բարեկամ Հնդկաստանին տարբեր միջազգային հարթակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր