Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության հուլիսի 28-ի նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։
Ռազմավարությունում հստակորեն ամրագրվել է՝
- Բոլոր ուսումնական հաստատությունները պետք է ունենան ապահով և հարմարավետ շենքային պայմաններ, պատշաճ կահավորանք և ժամանակակից սարքավորումներ,
- Մանկավարժի, դասախոսի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, որպեսզի բոլոր հաստատություններում աշխատեն որակյալ մասնագետներ,
- Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն հասարակության և տնտեսության օրեցօր զարգացող պահանջներին, ինչպես նաև կրթությանն առաջադրվող միջազգային չափանիշներին։
- Ի վերջո, մենք պետք է ունենանք միջազգային միտումներին համահունչ զարգացող կրթական համակարգ, որը կծառայի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ գրավիչ կլինի արտերկրի երիտասարդների և սփյուռքի մեր հայրենակիցների համար, կնպաստի ինտելեկտուալ հայրենադարձությանը»,- նշել է Մաթևոսյանը։
Նա կարևորել է նաև, որ կրթության փոխակերպման միջազգային միտումների համատեքստում ծրագիրը խնդիր է դնում, որ 2030 թվականին Հայաստանը կունենա միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: