Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ՝ Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի օրինակով։ Համապատասխան որոշումը ընդունվեց նախորդ շաբաթ՝ գործադիրի նիտում։
Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել 175 ավտոմեքենա, ոստիկանությունը որոշել է, որ պետք է ձեռք բերի Toyota Fortuner մակնիշի մեքենաներ՝ ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով։ Ավտոմեքենաները ձեռք են բերվելու «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից, որի սեփականատերերն են Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը և գործարար Սամվել Մայրապետյանը։
Ըստ որոշման հիմնավորման՝ դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների և միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել նշված բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։Նախատեսվում է, որ դրանք պիտի մատակարարվեն մինչև նոյեմբերի 15-ը։ կառավարությունը գնումն իրականացնում է Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Փաշինյանն ամենայն հավանականությամբ արդեն իսկ հասցրել էր ծանոթանալ մինչ այդ արված հրապարակումներին, ասաց՝ քանի որ կան զգայուն ձևակերպումներ ու զգայուն վերնագրեր, հարցը որոշեցին քննարկել զեկուցվող ընթացակարգով։
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջին անգամ չէ, որ իրականացնում է խոշոր չափի գնում, նշում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ ՀՀ կառավարության կողմից Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից այս տարվա փետրվար ամսին գնվել է 5 միլիոն ԱՄՆ դոլարի ավտոմեքենա՝ պարեկային ոստիկանոթյան համար։
Նախորդ շաբաթ էլ կառավարության կողմից ևս 7.5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվեց այլ մարզերի պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։
Այլ կերպ ասած, ընդամենը 7 ամսում Ն․ Փաշինյանի կառավարությունը Ռ․ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլլարի գործարք։ Սա Փաշինյան- Քոչարյան համագործակցության վառ օրինակ է, շարունակում է Նորիկյանը։
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ հանրությանը խոստանալով պայքարել կոռուպցիայի ու թալանի դեմ, բայց անցնող տարիներին արվեց բոլորովին հակառակը։ Նորայր Նորիկյանը նշում է՝ Փաշինյանի կողմից հիշատակված որեւէ կոռուպցիոներ դատված չէ, ավելին շատերը անգամ Հայաստանում չեն։ Փաշինյանի կառավարությունը բոլոր ոլորտներում ձախողվել է, բայց քաղաքական պատասխանատվություն չի կրում, փոխարենը հարստացնում է հարուստներին։
«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր- Նակալյանի համար այս գործարքը զարմանալի չի թվում։ Մեզ հետ հեռախոսազրույցում շեշտեց, միայն «Տոյոտա» ընկերությունը չէ, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ փողոտ գործարքներ է կնքում, Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Նաիրի ինշուրանսը» ևս Փաշինյանի իշխանության տարիներին գերիշխող դիրքում է հայտնվել։
Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի թթվածինն է։ Այս տեսակետն էլ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին է։ Նրա խոսքով՝ այս գործարքները պատահական չեն, ավելին Քոչարյանն է Փաշինյանի իշխանության երկարաձգման պատճառը։
Ոստիկանությունն այս մեքենաները ձեռք է բերում գնում անելով մեկ անձից։ Կառավարության նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ արդարանում էր, ասելով, թե մրցույթ հայտարարել էին հունիսին, ոչ ոք չդիմեց, ապա իրենք հարցումներ արեցին հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան ներկայացուցիչներին, պարզեցին՝ միայն «Տոյոտան» կարող է մատակարարել պահանջված չափանիշների գոնե մեծ մասին համապատասխանող մեքենաներ։
Ուներ արդյո՞ք հնարավորություն Նիկոլ Փաշինյանը առանց այն էլ փողից չնեղվող Ռոբերտ Քոչարյանին չհարստացնել։ Կոնստատնին Տեր- Նակալյանը նշում է իհարկե կարող էր, եթե Փաշինյանին շատ պետք լիներ։
«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից հարցի առնչությամբ չեն խոսում։ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքում ևս թեմայի վերաբերյալ լռություն են պահպանում, գրեթե նույն կերպ ինչպես իշխանականների դեպքում է։ Երբ հարցը հասնում է փողին խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ու իշխող քաղաքական ուժը նախընտրում են չխոսել, հատկապես, որ այստեղ միմյանց մեղադրելու խնդիր չունեն, առաջինը՝ դավաճան, երկրորդն էլ թալանչի չի ասում։