00:00:00

Մասիսում կկառուցվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

11:13, 26 հուլիս 2022

2011թ-ին Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում նոր սերնդի ստեղծագործական առաջընթացին և համակարգչային ու բարձր տեխնոլոգիաների որակյալ մասնագետների պատրաստման գործընթացին: Մի քանի տարի անց Թումո կենտրոն բացվեց Դիլիջանում, հետո՝ Գյումրիում ու Ստեփանակերտում: Շուտով Թումո կենտրոն կկառուցվի նաև Մասիս համայնքում:

2022թ-ի հուլիսի 6-ին կնքվեց հուշագիր Մասիսի համայնքապետարանի, ի դեմս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի և Սիմոնյան կրթական հիմնադրամի, ի դեմս գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի միջև, համաձայն որի Մասիս համայնքում կկառուցվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Կենտրոնը կկառուցվի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 7,100.00քմ հողամասի/անշարժ գույքի վկայական՝ թիվ 2696757, տրված՝ 12.09.2009թ./ վրա: Ըստ հուշագրի՝ նշյալ տարածքը համայնքը պետք է նվիրաբերեր հիմնադրամին։

Սույն թվականի հուլիսի 21-ին կայացած Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվեց որոշում/որոշում N134-Ա/ Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային համար՝ 03-003-055-026, 2009 թվականի սեպտեմբերի 12-ին տրված վկայականի համար՝ 2696757/ հողամասը նվիրաբերել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ նշված հողամասում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակում Թումո կենտրոն կառուցելու նպատակով:

Կենտրոնի՝ արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից անվճար օգտվելու հնարավորություն են ունենալու համայնքի 12-18 տարեկան երեխաները: Նորաստեղծ այս կենտրոնից շաբաթական օգտվելու է համայնքի մոտ 2300 երեխա։

Կենտրոնի սաները հնարավորություն կունենան քայլել ժամանակին համընթաց, ինչը կարևորագույն ձեռքբերում է Մասիսի յուրաքանչյուր բնակավայրի համար։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման ուղղությամբ արվող քայլերը Մասիս համայնքում այսքանով չեն սահմանափակվում, քանզի, ըստ համայնքապետի, Մասիսի մի քանի բնակավայրերում շուտով կբացվեն նաև ՏՏ կենտրոններ, որոնց նմանօրինակը գործում է Ղուկասավան բնակավայրում:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր